Բրազիլիայի նախագահը հրաժարվել է շքեղ կեցավայրից՝ «ուրվականների» պատճառով

15:35 • 13.03.17

Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերը հրաժարվել է ապրել պետության կողմից տրամադրված շքեղ կեցավայրում՝ Ալվորադայում, կնոջ և որդու հետ լքելով տունը:


Ինչպես նշում է Al Arabiya-ն, նախագահն իր որոշումը բացատրել է այն հանգամանքով, որ մայրաքաղաք Բրազիլիայում գտնվող կեցավայրում ուրվականներ կան և որ, ընդհանուր առմամբ, այնտեղ վատ մթնոլորտ է տիրում:


«Ես այնտեղ տարօրինակ բաներ էի զգում: Տեղափոխվելու առաջին իսկ օրից չեմ կարողացել գեթ մի գիշեր քնել: Այնտեղի էներգիան բացասական էր: Մարսելան (նախագահի կինը-Tert.am) նույն զգացողությունն ուներ: Մենք նույնիսկ սկսեցինք կասկածել, որ այնտեղ ուրվականներ են ապրում»,-ասել է 76-ամյա Տեմերը:


Ի դեպ, Բրազիլիայի առաջին տիկինն այնքան է վախեցել, որ նույնիսկ քահանա է կանչել տնից ուրվականներին ու չար ոգիներին քշելու համար:


Այժմ նախագահն ընտանիքի հետ մեկ այլ կեցավայր է տեղափոխվել: