Մոսուլում մնացած ԻՊ ահաբեկիչները հայտնվել են շրջափակման մեջ, նրանց բոլորին մահ է սպառնում. ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ

13:15 • 13.03.17

ԱՄՆ նախագահի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի գծով հատուկ ներկայացուցիչ Բրեթ ՄքԳարկը հայտարարել է, որ իրաքյան Մոսուլում մնացած ԻՊ զինյալներից յուրաքանչյուրին մահ է սպառնում, հայտնում է BBC-ն: 

«Յուրաքանչյուր ահաբեկիչ, ով մնացել է Մոսուլում, մահանալու է, քանի որ նրանք բոլորը ծուղակի մեջ են: Մենք նախատեսում ենք ոչ միայն ջախջախել նրանց, այլ թույլ չտալ փախչել», - ասել է ՄքԳարկը՝ նշելով, որ իրաքյան բանակին հավատարիմ ուժերին հաջողվել է իրենց հսկողության տակ առնել դեպի Մոսուլ տանող վերջին ճանապարհը:

Ավելի վաղ Իրաքի զինված ուժերն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրել են Մոսուլ քաղաքի արևմտյան մասի ավելի քան մեկ երրորդը:

Հիշեցնենք, որ Մոսուլն իսլամիստները գրավել են 2014-ի ամռանը: Մոսուլն իսլամիստներից ազատագրելու ռազմարշավը երկրի կառավարությունը սկսել է անցյալ տարվա հոկտեմբերին: