Շուտով դատավարությունն է, անելու եմ ամեն հնարավորն ու անհնարը, որ փրկեմ եղբորս. Բաքվում ձերբակալված Մարատ Գալուստյանի քույր
Ադրբեջանում ձերբակալված հայազգի Մարատ Ուելդանով-Գալուստյանի գործի քննությունն ավարտվել է․ այս մասին Tert.am-ին պատմեց նրա քույրը՝ Մարիաննա Միրզոյանը՝ նշելով, որ այդ մասին նա սկզբից տեղեկացել է եղբոր փաստաբանից:
«Հաջորդ օրը ինձ զանգել է Մարատը և հայտնել, որ շուտով կկայանա նրա դատավարությունը: Մարատն իր դեմ առաջադրված մեղադրանքները չի ընդունում, թմրանյութերի հետ նա ոչ մի կապ չունի: Նա անձամբ ասել է, որ ինքը 100 տոկոսով մեղավոր չէ, և հենց այդ դիրքերից է պայքարելու»,-ասաց նա։
Մարիաննա Միրզոյանը նշեց, որ իրենց համար սկզբից էլ պարզ էր, որ գործը նենգափոխվել է․ ոչ մի ապացույց չկար:
«Մարատը Բաքու էր գնացել ավստրիական DO&CO ընկերության հրավերով՝ բարի մտադրություններով, Ֆորմուլա 1-ն անցկացնելու նպատակով, նա ոչ մի վատ մտադրություն չի ունեցել: Իսկ Ադրբեջանը շնորհակալության փոխարեն՝ թմրանյութեր, ձեռնաշղթաներ և բանտ»,- նշեց Մարիաննա Միրզոյանը՝ հավելելով, որ հիմա իրենք պարզապես սպասում են դատարանի վճռին:
Նա պատմեց, որ եղբայրն իրեն պատվիրել է, որ իրենց հեռախոսազրույցից որոշ դետալներ չհրապարակի: Նա հաշվի է առնում, որ եղբայրն արդեն 10 ամիս գտնվում է Բաքվի բանտում՝ սթրեսի և հոգեբանական ճնշման տակ, նրան ստիպել են, որ դա ասի, սակայն կախված արդեն դատարանի որոշումից, նա հնարավոր է, որոշ մանրամասներ հրապարակի:
«Ես չեմ հանձնվի և անելու եմ ամեն հնարավորն ու անհնարը, որպեսզի փրկեմ իմ հարազատ եղբորը, որի նկատմամբ սուտ մեղադրանք են հարուցել և անօրինական ձևով պահում են բանտում»,- ասաց Մարիաննա Միրզոյանը:
Հիշեցնենք, որ Մարատ Ուելդանով-Գալուստյանին նախորդ տարի հունիսի 9-ից ձերբակալել և անազատության մեջ են պահում Բաքվում՝ թմրանյութերի, հոգեմետ միջոցների անօրինական պատրաստման, արտադրության, ձեռքբերման, իրացման, պահման և տարածման մեղադրանքներով: Սակայն նրա մտերիմներն ու գործընկերները ժխտում են ադրբեջանական վարկածը՝ համարելով, որ մեղադրանքներն անհիմն են: Ավելին՝ պատմում են, որ հարցաքննության ժամանակ Մարատ Ուելդանովին նրա ազգության մասին էին հարցնում:
Հիշեցնենք նաև, որ Մարատ Ուելդանովը Ադրբեջանում մեկ տարուց ավելի աշխատել է ավստրիական «Do&Co» ընկերությունում, որը զբաղվում է հյուրանոցային բիզնեսով: Քանի որ նրա անձնագրում նշված էր ոչ թե իր հայկական ազգանունը, այլ՝ կնոջ, Բաքվում երբեք չի հայտնվել ուշադրության կենտրոնում: Մարատը 1990-ականներից Ռուսաստան էր տեղափոխվել Բաքվից՝ իր ընտանիքի հետ:










