Ռուսաստանը կարող է հեշտացված կարգով քաղաքացիություն տալ հետխորհրդային երկրների բնակիչներին
Ռուսաստանում կարող է քաղաքացիություն ստանալու նոր սկզբունք սահմանվել՝ հիմնված «արմատների իրավունքի» վրա: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Պետդումայի ազգությունների հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուսլան Բալբեկը:
Նրա խոսքով՝ դա է նախատեսում ներկայացված օրենքի նախագիծը, որն արդեն հավանության է արժանացրել ազգությունների հարցերով հանձնաժողովը:
«Այդ օրենքի ընդունման դեպքում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն կարելի կլինի ստանալ ոչ միայն արյան, ազգության, այլև՝ արմատների սկզբունքով: Հիմնական չափանիշը կլինի ռուսերենի իմացությունը, ինչպես նաև որպես հիմք կընդունվի Խորհրդային միության և Ռուսական կայսրության տարածքների հետ կապը»,- ասել է Բալբեկը:
Այդկերպ, նրա խոսքով, ռուսական քաղաքացիության ձեռքբերման հեշտացված ընթացակարգի իրավունք կստանան ռուսերենին տիրապետողները՝ ժամանակին ԽՍՀՄ-ի կամ Ռուսական կայսրության կազմի մեջ մտնող հետխորհրդային տարածքի երկրների բնակիչները կամ նրանց բարեկամները:










