Վարդան Պետրոսյանն ազատ է արձակվել

11:36 • 13.03.17

Դերասան Վարդան Պետրոսյանն ազատ է արձակվել, և դա նշանակում է, որ նա այժմ հանգիստ կարող է մեկնել երկրից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

«Կալանավայրի վարչակազմի կողմից դրական որոշում է կայացվել պայմանական վաղաժամկետ ազատման, որից հետո անկախ հանձնաժողովն է դրական եզրակացություն տվել: Դրանից հետո Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է քրեակատարողական հիմնարկի միջնորդությունը և Վարդան Պետրոսյանն ազատ է արձակվել»,- ասաց փաստաբանը:

Հարցին, թե այս որոշումը կապ ունի՞ ընտրությունների հետ, Բաղդասարյանը բացասական պատասխան տվեց: Որոշումը, ըստ նրա, պայմանավորված է մեկ այլ հանգամանքով, որի մասին չի կարող բարձրաձայնել. «Եթե դա չլիներ, Վարդան Պետրոսյանը 2 տարի դեռ կալանքի տակ կմնար»:

Հիշեցնենք, որ դերասանի մասնակցությամբ ավտովթարը տեղի էր ունեցել 2013թ. հոկտեմբերի 20-ին: Երևան-Եղվարդ ավտոճանապարհին բախվել էին «ԲՄՎ» և «Նիվա» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին, «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից Տաթևիկ Հակոբյանը ստացել էր ծանր մարմնական վնասվածք, Էմմա, Արթուր և Հայկ Հակոբյանները՝ միջին ծանրության վնաս:

2015թ. հունվարի 29-ին Վարդան Պետրոսյանը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման։