Ինչպե՞ս կարող է «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքը արցախցու փոխարեն Արցախի սահմանադրությամբ արձանագրված որևէ հող հետ տա. «ԵԼՔ»-ն ու ՀՅԴ-ն դեմ են ՀԱԿ-ի ծրագրին

14:56 • 14.03.17

 

«Ես չեմ կարող պատկերացնել մի իրավիճակ՝ ինչի՞ դիմաց ենք հասնելու խաղաղության: Դա զիջո՞ւմ է, թե փոխզիջո՞ւմ. ես չեմ հասկանում»,- «Ազատության» հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ պատգամավորի թեկնածու Պարույր Սանթրոսյանը՝ խոսելով ՀԱԿ-ի առաջ քաշած «Խաղաղության» ծրագրի մասին:

«Ախորժակը բացվում է հենց ուտելու ժամանակ: Երբ այսօր մի բան ես զիջում… Հարևան պետության ղեկավարը չի թաքցնում, որ ուզում է Սևանում լողալ, չգիտեմ… Ես երեք երեխաների հայր եմ, ես պատրաստ չեմ լավ ապրելու համար մի ամբողջ Արցախի ժողովրդի, մի ամբողջ Արցախի ասել՝ չլինես»,- նշեց ՀՅԴ-ականը:

Վերջինս միաժամանակ նշեց, որ ցանկացած հակամարտություն կարգավորման երկու տարբերակ կարող է լինել.

«Կապիտուլիացիա, որին Հայաստանը չի հասել, չեմ ասում, որ իշխանությունները նենց չարեցին, որ հասնենք, և փոխզիջում, բայց ի՞նչ գնով, եթե լավ ապրելու համար, ուրեմն հարկավոր չէ»:

«Ես կողմ եմ խաղաղության, բայց դրա գինը ես պատրաստ չեմ վճարել»,- շեշտեց ՀՅԴ պատգամավորի թեկնածուն:

«ԵԼՔ»-ից պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանն էլ նշեց, թե «Խաղաղության» ծրագիրը աբսուրդ է, ուտոպիա: «Դա ինձ զայրացնում է, որովհետև մենք պատերազմում փաստացի հաղթել ենք և մեր հակառակորդը որևէ կերպ չի խոսում խաղաղության մասին, հակառակը՝ ամեն օր կրակում է մեր զինվորի վրա: Եթե խաղաղություն ես ուզում, պետք է պատրաստ լինես պատերազմին»,- ասաց Ա. Սիմոնյանը՝ նշելով, որ իրենք առաջարկում են չխոսել փոխզիջման մասին, քանի դեռ Ադրբեջանը կոնկրետ չի հայտնել ԼՂ կարգավիճակի հետ կապված դիրքորոշման փոփոխության պատրաստակամության մասին:

«Ինչպե՞ս կարող է ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը արցախցու փոխարեն այստեղ Երևանում Արցախի սահմանադրությամբ արձանագրված որևէ հող հետ տա: Ո՞նց է դա լինելու: Պատերազմ ենք հրահրելու, հետ քաշվենք, արցախցիներին սպանեն, հող վերցնե՞ն: Մենք մի առաքելություն ունենք՝ պաշտպանել մեր հողը, Ղարաբաղում ապրող հային: Հաղթողը խաղաղություն չի քննարկում: Այո, մենք պետք է պատրաստվենք պատերազմի, մենք հիմա պատերազմի մեջ ենք և այո, խաղաղությունը լավ բան է, բայց եկեք մեր ձեռքբերումը, հաղթանակը, չկորցնենք»,- մանրամասնեց Ալեն Սիմոնյանը: