Հայաստանում գրեթե բոլոր ընտրությունները դիտարկվում են որպես կենաց-մահու կռիվ. ՀՅԴ պատգամավորի թեկնածու

14:11 • 14.03.17

Նախընտրական քարոզչությանը զուգորդող միջադեպերը թեկնածուների միջև դատապարտելի են: «Ազատության» եթերում այս մասին ասաց ՀՅԴ-ից պատգամավորության թեկնածու Պարույր Սանթրոսյանը՝ խոսելով միջկուսակցական վեճերի մասին, որոնք վերածվում են ընտրատեղամասում առաջադրած թեկնածուների միջև լուրջ բախումների: 

«Նման երևույթները դատապարտելի են՝ լինի դա «ԵԼՔ»-ից, «ՀԱԿ»-ից, թե «ՀՅԴ»-ից: Իրականություն է, նման դեպքեր արձանագրվում են իշխող կամ տեղական ինքնակառավարման մարմիններում դերակատարություն ունեցող կուսակցությունների պարագայում: Ցավալի է, անընդունելի է»,- ասաց Սանթրոսյանը:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ՀՅԴ-ն խորհրդարանական համակարգի կողմնակից էր և այս ընտրություններն առաջին անգամ անցնելու են այդ համակարգի ներքո, ապա Պարույր Սանթրոսյանը հիշեցրեց, որ իրենք կողմ են պառլամենտական կառավարման համակարգին դեռևս 90-ականներից, բայց իրենք էլ մտահոգված են, որ «որքան գնա, այնքան ընտրապայքարը կթեժանա»:

«Ցավոք, պետք է արձանագրեմ, որ վերջին տարիներին, գրեթե բոլոր ընտրություններին, բացի առաջինից, ընտրությունները դիտարկվում են որպես կենաց-մահու կռիվ: Ես փորձում եմ ուրիշ մարտավարություն իրականացնել, մարդկանց ներկայանալ այն տեսակով, որը ես եմ, այն դաստիարակությամբ, որն ինձ տվել է իմ ընտանիքը, 26 տարվա կուսակցական պատկանելիությամբ: Համաձայն եմ, որ կան թերություններ, իդեալական չէ ռեյտինգային տարբերակը, դա պետք է լիներ ոչ թե թաղային, այլ ամբողջ հանրապետության տարածքով: Բայց ունենք այն, ինչ ունենք: Մնացածը ցույց կտա կյանքը»,- ասաց ՀՅԴ-ականը: