«SOS»-ի հաղորդավարը հրապարակավ ներողություն պետք է խնդրի ոստիկաններից. դատարանի վճիռը
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մասնակի բավարարեց Ոստիկանության հայցն ընդդեմ ինտերնետային հեռարձակում ունեցող SOS հաղորդաշարի վարող Վիլեն Գայֆեջյանի:
Դատարանը պարտավորեցրեց Վիլեն Գայֆեջյանին հրապարակային ներողություն խնդրել Արթուր Մադաթյանից և Սերգեյ Զաքարյանից հետևյալ բովանդակությամբ. «Ես՝ Վիլեն Գայֆեջյանս, ներողություն եմ խնդրում Հայաստանի հանրապետության ոստիկանության ծառայողներ Արթուր Մադաթյանից և Սերգեյ Զաքարյանից SOS-ի տեսանյութերից մեկում վերջիններիս պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտություններ կատարելու համար»:
Դատարանը սահմանել է նաև ներողություն խնդրելու ձևաչափը՝ Վիլեն Գայֆեջյանին պարտավորեցնելով ընթերցել վերոնշյալ տեքստը, ընթացքը նկարահանել և այն տեղադրել SOS TV-ի youtube.com-յան էջում, կամ 80 հազարից ավելի դիտում ունեցող լրատվական որևէ կայքում:
Ոստիկաններ Արթուր Մադաթյանի և Սերգեյ Զաքարյանի՝ յուրաքանչյուրին 1 միլիոն դրամ փոխհատուցում տրամադրելու պահանջը դատարանը մերժեց։
Դատական նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում Վիլեն Գայֆեջյանն ասաց, որ չի պատրաստվում ներողություն խնդրել և դատարանի վճիռը բողոքարկելու է:
Հիշեցնենք, որ «SOS TV»-ի հաղորդումը, որի համար ոստիկանները դիմել էին դատարան, վերաբերում էր բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներին ոստիկանների կողմից բռնի ուժով Բաղրամյան պողոտայում հակառակ մայթ տեղափոխելուն։










