Թեկնածուներից մեկը շատ ջահել է, որ ԱԺ-ում կայանա, մյուսը ոսկրացել է. Ալիկ Սարգսյան (տեսանյութ)
20-25 տարի ԱԺ պատգամավոր ենք ընտրում, ես երբևիցե չեմ տեսել, որ Արարատի մարզի խնդիրներն Աժ –ում ներկայացվեն։ Հայրենի Կանաչուտ գյուղում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հանրապետական կուսակցության տարածքային ցուցակով Արարատի մարզից առաջադրված նախկին ոստիկանապետ, ՀՀԿ Արարատի տարածքային կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանը, ով քարոզարշավն իրականացնում էր Սուրբ Գևորգ եկեղեցու բակում։
«Ցավում եմ ձեր, մեր ընտրած պատգամավորներից որևիցե խոսք չենք լսել մեր գյուղացու մասին, մեր գյուղացու հոգսերի մասին, այսօր մեր գյուղացին ճակատ առ ճակատ , դեմ առ դեմ , երես առ երես մնացել է շատ մարդկանց հետ պայքարի մեջ, բայց հիմնական աջակցությունը թե՛ պետական մարմինների, թե՛ մարզպետարան կոչվածի կողմից չի եղել... համոզված եմ՝ խուլ ու համրերի ինստիտուտից հոգնել եք, միայն հեռուստատեսությամբ դեմքն եք տեսնում, 5 տարի լուռ ու մունջ մարդը ԱԺ-ում նստած է»,-շեշտեց նա։ Ալիկ Սարգսյանը ասաց, որ այս ամենում իր մեղքն էլ կա , ինքը ևս պատգամավորների մի շարք թեկնածուների ժամանակին ներկայացրել է բնակչությանը, սակայն ընդհանուր սխալվել են։
Ալիկ Սարգսյանը նաև նշեց, որ այս օրերին քարոզարշավի ընթացքում իր հայրենի գյուղ շատ քաղաքական ուժեր կարող են գալ, կարող են լսել ծրագրերը, ընտրել ում ուզում են։
«Իմ խնդրանքը, իմ սիրելի՛ համագյուղացիներին, ամեն սին խոստումների չհավատալ, ամեն ասածը չընդունել որպես հիմք, քանի որ բոլորն էլ կարիք ունեն ԱԺ այցելելու, բոլորն էլ ձգտումներ ունեն պետական կառույցներում լինելու, ես խնդրում եմ՝ թող ժողովուրդը իր հիշողությամբ առաջնորդվի, ցանկացած քաղաքական ուժի թեթև հիշի և նայի ուր էին նրանք 2-3 տարի առաջ, ինչով էին զբաղված, ինչ պաշտոններ էին զբաղեցնում ու հետո ոնց ստացվեց, որ շատերը հայտնվեցին ընդդիմադիր դաշտում, որը կոնկրետ իմ համար անհասկանալի է, ձեր համար էլ անհասկանալի կլինի, եթե ես մի օր հանկարծ որպես ընդդիմություն սկսեմ քննադատել այն ամենն ինչի մեջ ես եղել եմ, գամ, ասեմ սխալվել եմ, մեկն ու մեկդ կհարցնի, բայց դու ինչ՞ով ես զբաղված»,-ընդգծեց նա։
Ալիկ Սարգսյանը վստահեցրեց, որ ինքը բիծ չի թողել ժողովրդի հետ շփումների ժամանակ, պաշտոնյա եղած ժամանակահատվածում էլ աջակցել է, ուստի իր ուժերի վրա վստահ է, նաև հեղինակության հարց է։ Նա ասաց, որ ոչ ոքի ականջին ոչինչ չի շշնջացել, չի շշնջալու, չի ուղղորդելու։ Ըստ նրա՝ թեկնածուներից ով կփորձի ճնշումներ գործադրել, նա պարզապես խորհրդարանում չի հայտնվի։
«Ինձ էլ որևիցե մեկի մտքով չանցնի կեղծ լավություն անի, դա կլինի արջի ծառայություն, ոչ խնդրել եմ ձեզ, ոչ էլ դրա կարիքը կա, ինչն արդար է թող լինի դա, ես ակնկալում եմ, որ Արտաշատից համապատասխան ձայների քանակ մենք կունենք, որովհետև ժողովուրդը ինձ ճանաչում է, նայում է մյուս թեկնածուներին մեկը շատ ջահել է, սուտ կլինի, որ ինքը դեռ պիտի կայանա ԱԺ-ում, մեկն արդեն ոսկրացել է ԱԺ-ում, առանձնապես ասելիք չունի , հիմա էլ չի ունենալու, ես ամեն ինչը մարդիկ հասկանում են, կարծում եմ՝ ինձ համար կա նորմալ շանս , մեկ էլ իմ ժողովուրդն ինձ ավելի շատ են ճանաչում»,-շեշտեց նա։
Ալիկ Սարգսյանն ասաց, որ իր գերխնդիրը ՀՀԿ-ի համար անհրաժեշտ ձայներ ապահովելն է։
Նա նաև ընտրողներին տեղեկացրեց, որ Վեդիում, Արարատում, Մասիսում քարոզարշավ չի իրականացնելու։
«ժողովուրդն ինձ ճիշտ կհասկանա, լինելու եմ միայն Արտաշատի տարածաշրջանի համայնքներում, ավելի շատ ձայներ Արտաշատի տարածաշրջանից եմ ակնկալում, այդ տարածքներում մենք թեկնածուներ ևս ունենք և՛ Արարատում, և՛ Մասիսում, կարծում եմ նրանք իրենց գործունեությունը կծավալեն այնպես, որ կուսակցության համար բավականաչափ ձայներ կբերեն»,-ընդգծեց նա։
Նշենք, որ Ալիկ Սարգսյանի քարոզարշավին մասնակցում էր նաև նրա մայրը։
Մանրամասները ՝տեսանյութում։










