Քանի որ Փաշինյանը մարդկանց քաղաքական կշիռը չափում է ցուցակի համարով, կառաջարկեմ բանավեճ՝ բացառապես 1-ին համարների մասնակցությամբ. Ա. Աշոտյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը հակընդդեմ առաջարկ է անում իրեն հեռուստաբանավեճի հրավիրած «Ելք» դաշինքի 3-րդ համար Նիկոլ Փաշինյանին և առաջարկում, որ հեռուստաբանավեճի մասնակցեն բոլոր կուսակցությունների միայն առաջին համարները:
Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է ՀՀԿ-ն, ըստ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանության՝ շարունակում խուսափել Փաշինյանի հետ հեռուստատեսային բանավեճի առաջարկից:
«Հանրապետական կուսակցությունն ակտիվ մասնակցում է քարոզարշավին, այդ թվում նաև՝ բանավիճային ձևաչափով, զորօրինակ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից իրականացվող բանավեճերի շրջանակներում, «Ազատություն» ռադիոկայանի եթերով և այլն: Եվ Նիկոլ Փաշինյանի պատանեկան՝ մեզ շախի գցելու մարտավարությունն այս պահին դասենք Նիկոլի հերթական տապալված նախաձեռնությունների շարքին: Սա կեսկատակ: Ինչպես որ ստվերային կառավարությունն էր, միակ ընդդիմությունը, 6000 դիտորդները և այլն:
Հանրապետական կուսակցությունն ինքն է կողմ բանավեճի: Եվ քանի որ Նիկոլը մարդկանց քաղաքական կշիռը չափում է ցուցակում զբաղեցրած համարով, զարգացնեմ նրա միտքը, քանի որ իմ և իր համագործակցությունը լավ է ստացվում: Հետևաբար՝ առաջարկում եմ հրապարակային բաց բանավիճ բացառապես բոլոր կուսակցությունների առաջին համարների մասնակցությամբ: Բայց պետք է մասնակցեն բոլոր կուսակցությունները»,-ասաց նա։
Նիկոլ Փաշինյանի գրառման տակ Արմեն Աշոտյանը ոչինչ չի պատասխանել ու միայն գրել է. «#ԵլքԿա». հարցին, թե արդյո՞ք սա թաքնված քարոզ չէ, ՀՀԿ փոխնախագահն ասաց. «Երկար ժամանակ տարբեր քաղաքական ուժեր, որոնք այսօր մասնակցում են նաև քարոզարշավին, ինձ մեղադրում էին նրանում, որ ես Նիկոլ Փաշինյանի հասարակական կարգով PR մենեջերներից մեկն եմ: Ընդունեք սա որպես իմ այս առաքելության հերթական դրսևորում»:










