Մեծ Բրիտանիայի վարչապետը քննադատել է Շոտլանդիայի անկախության հարցով ևս մի հանրաքվե անցկացնելու կոչերը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը երկուշաբթի քննադատել է Շոտլանդիայի ազգային կուսակցությանը, որը ձգտում է Միացյալ Թագավորության կազմից Շոտլանդիայի դուրս գալու հարցով հերթական հանրաքվեն անցկացնել, հայտնում է Интерфакс-ը:
«Ես ափսոսանք եմ հայտնում այն ոչ հեռանկարային մոտեցման առնչությամբ, որը ցույց է տվել այսօր Շոտլանդիայի ազգային կուսակցությունը»,- ասել է Մեյը լրագրողներին:
Ընդ որում՝ նա ընդգծել է, որ Լոնդոնը երկար ժամանակ փոխգործակցել է Շոտլանդիայի իշխանությունների հետ՝ համատեղ լուծելով խնդիրները, օրինակ՝ աշխատավորների իրավունքները և շատ այլ հարցեր:
«Այն ընթացքում, երբ մենք բանակցություններ ենք վարում Եվրամիությունից երկրի դուրս գալու առնչությամբ, ես կցանկանայի, որ այդ համաձայնագիրը գործի ամբողջ Մեծ Բրիտանիայի համար, որը ներառում է նաև Շոտլանդիան»,- հավելել է Բրիտանիայի վարչապետը:
2014 թվականի սեպտեմբերին Շոտլանդիայում անցկացված հանրաքվեի ընթացքում անկախության աջակիցները պարտություն են կրել, քանի որ շոտլանդացիների 55,3 տոկոսը քվեարկել է Մեծ Բրիտանիայի կազմից Շոտլանդիայի դուրս գալու դեմ:










