Հուշանվերային արտադրանքին նոր թափ հաղորդելուց մինչև անճաշակությունների արգելում. քաղաքական ուժերի նախընտրական պլատֆորմներից

23:24 • 14.03.17

Tert.am-ը ապրիլի 2-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերից առանձնացրել է մշակույթին վերաբերող դրույթները, որոնք խիստ տարբերվող են: Եթե ընդհանրացնելու լինենք, կան դրույթներ հուշանվերային արտադրանքին նոր թափ հաղորդելուց մինչև անճաշակությունների արգելում, պետական արտոնյալ հովանավորչությամբ մշակույթի գործիչների «արժևորումից» մինչև մշակութային գործիչներին պետության կողմից զանազան տիտղոսներ և կոչումներ շնորհելու պրակտիկայից ձերբազատվում:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը «365» օր ծրագրով առաջարկում է պարբերական մամուլն ու գրահրատարակչությունն ազատել ավելացված արժեքի հարկից:

Մյուս դրույթներից են՝ օրենսդրական պայմաններ ստեղծել մշակույթի ազատ զարգացման համար, վերանայել «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» և այլ առնչվող օրենքները, պետական համապատասխան նոր կառույցի միջոցով խորացնել Հայաստան-Արցախ-Սփյուռք մշակութային առնչությունները, Հայաստանի բոլոր դեսպանատներում ստեղծել մշակութային կցորդի ինստիտուտ, վերականգնել և արդիականացնել համայնքային, առավելապես գյուղական բնակավայրերի մշակույթի տների համակարգը` դրանք դարձնելով ժամանակակից պահանջներին համապատասխանող կենտրոններ:

«Ծառուկյան» դաշինքը, որը մշակույթն ու սպորտը ներառել է ծրագրի մեկ բաժնում, առաջարկում է առաջիկա 10 տարիներին վերականգնել ՀՀ տարածքում գտնվող պատմամշակութային բոլոր կոթողները, բացառիկ ծրագրերի ներդրմամբ՝ ձեռնարկել Արևմտյան Հայաստանում հայկական պատմամշակութային կոթողները վերականգնելու և պահպանելու նախագծեր, վերականգնել և անհրաժեշտ գույքով ապահովել խորհրդային տարիներին գործող մարզական կառույցները` անկախ դրանց սեփականության ձևից:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր ծրագրի «Մշակույթ» բաժնում  նախ ամրագրում է, որ Հայաստանը հարուստ է իր մշակութային արժեքներով և պատմությամբ, սակայն այդ ամենը ոչ միայն պահպանելու, այլև աշխարհին ներկայացնելու և մեր մշակույթը հետաքրքիր դարձնելու խնդիր կա:

ՀՀԿ-ի քարոզչությունն իրականացնող վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից օգտագործվող ախտորոշումների թվում են՝ մարզերի մշակութային անհամաչափ զարգացումը, սփյուռքի մշակութային ներուժի միասնական դրսևորումների անբավարար մակարդակը, մշակույթի ոլորտի զարգացման տնտեսական բաղադրիչի ցածր արդյունավետությունը, մշակութային ծրագրերի և հեռուստահաղորդաշարերի ցուցադրման սակավությունը, այլ մշակույթների անբավարար ներկայացվածություն Հայաստանում։

Որպես նպատակ արձանագրվում է մշակութային արտադրանքի և ծառայությունների, պատմամշակութային ժառանգության և մշակութային արժեքների օգտագործման տնտեսական բաղադրիչի խթանման միջոցով հայ մշակույթի ավելի լայն հանրահռչակումը ՀՀ-ում և արտերկրում, մշակութային ժառանգության պահպանումը և տարածումը: 

Այդ նպատակով նախատեսվող միջոցառումների թվում է նաև «Մշակույթը մարզերում» ծրագրի իրականացումը և մշակութային հուշանվերային արտադրանքի մշտապես թարմացվող, ժամանակի պահանջներին համապատասխանող տեսականու ստեղծման և տարածման գործընթացին նոր թափ հաղորդելը: Նախատեսվում է նաև ստեղծել հայ գրականության թարգմանական ծրագրերի աջակցության հատուկ ֆոնդ:

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» նախընտրական պլատֆորմի սեղմագրում առանձին մշակույթին նվիրված բաժին չկա: Միայն նախաբանում ասվում է, որ իբրև ազգային, ժողովրդավար, սոցիալիստական և հեղափոխական կուսակցություն, մշտապես պայքարել է հայ մարդու և հայության քաղաքական, տնտեսական, սոցիալ-մշակութային շահերի համար:

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ծրագրում առանձին՝մշակութային հիմնախնդիրներին նվիրված բաժին չկա, այլ միայն գիտություն, կրթություն, տեխնոլոգիաներ ոլորտների հետ կան նաև մշակույթին և տուրիզմին առնչվող հիմնախնդիրների ամրագրում և առաջարկվող լուծումներ:

Մասնավորապես առաջարկվում է պետական աջակցությունը մշակութային նախաձեռնություններին իրականացնել միայն ծրագրային նախագծերի միջոցով՝ բաց մրցույթներով, բացառել վարչական միջամտությունը ստեղծագործական գործընթացներին, մշակութային քաղաքականության մեջ ապահովել բազմաձև մասնակցության հնարավորություններ, ինչպես անհատական, այնպես էլ հասարակական, համայնքային և այլ բնույթի նախաձեռնությունների տեսքով, օրենսդրորեն պետական հատուկ կարգավիճակ տալ բացառիկ մշակութային ժառանգություն հանդիսացող հաստատություններին և պատմաճարտարապետական հուշարձաններին՝ ապահովելով հասարակական մասնակցությունը դրանց կառավարմանը, պետական հոգածության ներքո պահել ազգային փոքրամասնությունների մշակութային և լեզվական բազմազանությունը՝ այն դիտարկելով որպես Հայաստանի մշակութային միջավայրի բաղկացուցիչ:

Հետաքրքիր լուծում է առաջարկվում՝ վերացնել պետական արտոնյալ հովանավորչությամբ մշակույթի գործիչների «արժևորումը» և հրաժարվել պետության կողմից զանազան տիտղոսներ և կոչումներ շնորհելու պրակտիկայից:

«Ելք» դաշինքի նախընտրական ծրագրում մշակութային խնդիրները ներառված են կրթություն և գիտություն բաժնում, սակայն կա մշակույթի ոլորտին վերաբերող մեկ հետաքրքիր, անգամ արմատական առաջարկ: Այն է՝ «մշակութային քաղաքականության հիմնական նպատակը կդառնա հանրության կրթական ցենզի շարունակական բարձրացումը»:

Դաշինքում առաջարկում են նաև առավելագույնս սահմանափակել ցածրաճաշակ մշակույթի քարոզը և աջակցություն հայոց լեզվի զարգացմանը:

Հայաստանի կոմունիստական կուսակցություն. Հայաստանի կոմունիստներն իրենց գիտություն և կրթություն բաժնում կոնկրետ մշակույթին վերաբերող դրույթ չունեն: Մասնավորապես առաջարկվում է Հայաստանում գիտության զարգացման համար շրջադարձային նշանակություն ունեցող Գիտությունների ազգային ակադեմիային հատկացնել ՀՆԱ-ի առնվազն 1%-ը: Կոմունիստների համար անհասկանալի է, որ մի քանի բարձրագույն ուսումնական հաստատություններ համարվում են խոշոր հարկատուներ:

«Հայկական վերածնունդ» կուսակցության ծրագրում առաջարկվում է մշակույթի և սպորտի ոլորտներին պետական աջակցության մեծացում,  ստեղծագործական միությունների գործունեության պետական աջակցության հետևողական զարգացում, Երևանում և մարզերում մշակութային օջախների և սպորտային հաստատությունների պայմանների բարելավում և ժամանակակից ցանցի ձևավորում, մշակույթի և սպորտի ոլորտներում ժամանակակից շուկայական մեխանիզմների ձևավորում, օտարերկրյա ներդրումների ապահովում, մասնավորապես կինեմատոգրաֆիայի բնագավառում, որի տարեկան շրջանառությունն աշխարհում կազմում է միլիարդավոր դոլարներ:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն իր նախընտրական պլատֆորմում առանձին մշակույթին վերաբերող դրույթ չունի: Կան թեզեր, որոնք վերաբերում են բուհական համակարգին, կրթությանը և այլն: