Լեռնիկ Երանոսյանն այժմ հսկողության տակ է, բուժումներ է ստանում, վիճակը ծանր չէ. «Նաիրի» ԲԿ տնօրեն
Փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի նյարդաբանական և նեյրովիրաբուժական բաժանմունքի հիվանդասենյակում, այնպես չէ, որ իր վիճակը ծանր է: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Նաիրի» ԲԿ տնօրեն Անատոլի Գնունին:
«Նա գտնվում է հիվանդասենյակում, ռեանիմացիա չի եկել, գիշերն էլ հանգիստ է անցկացրել: Ոչ մի միջամտության կարիք չկա: Նա այժմ գտնվում է հսկողության տակ, բուժումներ է ստանում, և դուրս կգրվի, երբ ինքը կցանկանա»,- հայտնեց Գնունին:
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում մարտի 12-ին միջադեպ է տեղի ունեցել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի քարոզարշավից հետո, որին մասնակցել է նաև փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը։
Ըստ ՕՐՕ դաշինքի հաղորդագրության՝ գյուղապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Գալստյանի կողմից սպառնալիքներ են հնչեցվել գյուղի բնակչի՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակրի հանդեպ, և գյուղապետի շրջապատը ներկայացնող անձանցից մեկը դաշինքի կողմնակցի վրա ատրճանակ է ուղղել։










