ՀԱԿ-ի ծրագրում Ջավախքը չկա, սակայն մենք մեր դիրքորոշումն ունենք Ջավախքի հարցում. Լևոն Զուրաբյան (տեսանյութ)

19:25 • 14.03.17

ՀԱԿ-ի նախընտրական ծրագրում ջավախահայությանը վերաբերող կետ չկա: Ծրագրում ջավախահայերին չանդրադառնալու, Վրաստանի հետ հարաբերությունների և ՀԱԿ –ի դիրքորոշման մասին Tert.am-ը զրուցեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հետ:

-Պարոն Զուրաբյան, ինչո՞ւ Ջավախքին վերաբերող կետ ՀԱԿ-ի նախընտրական ծրագրում չկա, և Վրաստանի հետ հարաբերություններին վերաբերող ի՞նչ ծրագրեր կան:

-Մենք մտածել ենք, թե ինչպես գրենք մեր ծրագիրը, և արդյոք արժե, որ բոլոր հարցերը, որտեղ մենք դիրքորոշում ունենք, գրենք: Մենք հասկացանք, որ եթե այդպես վարվենք, մեր ծրագիրը ոչ ոք չի կարդա: Մենք գրել ենք սեղմ ծրագիր, որը գրված է մի քանի էջի վրա: Այնպիսի ծրագիր է գրվել, որ յուրաքանչյուրը կարդա և հասկանա մեր մոտեցումները, թե ինչպիսի պետական կառավարման մոդել ենք պատկերացնում և կոնկրետ ինչ հարցեր , քայլեր ենք մենք պատրաստվում իրականացնել իշխանության գալու պարագայում:

Ջավախքի հարցը շատ կարևոր է, և եթե չկա ծրագրում, դա դեռ չի նշանակում, որ չկա մեր քննարկումներում: Մեր դիրքորոշումները կան, ծրագիրն ավելի հասանելի դարձնելու համար մենք կրճատ ենք արել:

-Մեկ կետը կխանգարե՞ր ձեր ծրագրի ծավալին:

-Չէր խանգարի, եթե ինչ-որ մի նախադասություն ծրագրում լինում է, կամ չի լինում, դրանից չի կարելի եզրակացություն անել, որ այդ հարցում մենք դիրքորոշում ունենք, թե չունենք: Մեր մոտեցումները շատ պարզ են, մեկը քաղաքական մոտեցում է, ինչպես օրինակ Հունգարիան պաշտպանում է իր ազգակից փոքրամասնությունների իրավունքները  Սլովակիայում կամ Ռումինիայում, համաձայն համապատասխան կոնվենցիաների, նույն մոտեցումը մենք ունենք այս հարցում: Վրաստանի կառավարությունը կամ չի վավերացրել, կամ վավերացրել է այդ կոնվենցիաները վերապահումներով: Մենք համարում ենք, որ մարդու իրավունքների պաշտպանությունը, փոքրամասնությունների լեզվական, մշակութային իրավունքների պաշտպանությունը չեն դիտարկվի որպես միջամտության Վրաստանի ներքին գործերին:

Դրանք քաղաքական մոտեցումներն են, իսկ ինչ վերաբերում է Ջավախքի զարգացման խնդրին, ապա մենք լուծումը տեսնում ենք Հայաստանի հզորացման մեջ: Եթե Հայաստանը լինի հզոր, զարգացող երկիր, ապա Ջավախքում հարցերը կլուծվեն:

Մանրամասները տեսանյութում: