Մալայզիան բալզամապատել է Կիմ Չոն Նամի մարմինը
Մալայզիայի իշխանությունները բալզամապատել են Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի ավագ եղբոր՝ վտարանդի Կիմ Չոն Նամի մարմինը, ինչի մասին հայտնում է Reuters-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ բալզամապատումը տեղի է ունեցել այս շաբաթ՝ մայրաքաղաք Կուալա Լումպուրում: Սպանվածի հարազատներից ոչ ոք չի եկել նրա դին վերցնելու:
Իշխանությունները բացատրել են, որ բալզամապատումն իրականացվել է դրա պահպանելիության ժամկետը երկարաձգելու նպատակով:
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայի և Մալայզիայի միջև հարաբերությունները սրվել են, քանի որ Մալայզիան հայտարարել է, որ Փհենյանն առնչություն ունի Կիմ Չեն Ընի եղբոր սպանության հետ:
Կիմ Չոն Նամը սպանվել է փետրվարի 13-ին՝ Կուալա Լումպուրի միջազգային օդանավակայնում: Անհայտ կանայք թունավոր նյութերով թունավորել են նրան, ինչից 20 րոպե հետո տղամարդը մահացել է:
Միևնույն ժամանակ, Հյուսիսային Կորեան պնդում է, որ սպանվածը Կիմ Չեն Ընի եղբայրը չէ, այլ՝ մեկ այլ հյուսիսկորեացի քաղաքացի:










