Նյու Յորքում արտակարգ դրություն է հայտարարվել մոտեցող ձնաբքի պատճառով (լուսանկարներ)
ԱՄՆ Նյու Յորք քաղաքում և Նյու Ջերսի նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել սպասվող ձնաբքի պատճառով, որն այսօր կհասնի երկրի արևելյան ափ: Նախօրեին փոթորկի պատճառով հետաձգվել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցությունները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Փոթորկի և ձնաբքի հետևանքով, ինչպես սպասվում է, Նյու Յորքում մոտ 60 սանտիմետր տեղումներ կգրանցվեն: Քամու արագությունը տեղ-տեղ հասնելու է 96 կմ/ժ արագության:
ԱՄՆ խոշոր քաղաքներում կփակվեն դպրոցները, օդանավակայաններում չեղյալ կհայտարարվեն չվերթները: Նյու Յորքում արտակարգ դրությունը հայտարարել է քաղաքապետ Բիլ Դե Բլազիոն:
Նյու Յորքում սպասվող ձնաբքի պատճառով կփակվի ՄԱԿ-ի գրասենյակը, որտեղ այս օրերին անց է կացվում կանանց իրավունքների հարցերով համաժողովը:
ԱՄՆ-ում չորեքշաբթի չեղյալ կհայտարարվի մոտ 6500 ավիաչվերթ, հայտնում է FlightAware ծառայությունը: Չվերթների մեծ մասը չեղյալ են հայտարարվել ԱՄՆ արևելյան քաղաքների օդանավակայաններում՝ Նյու Յորքում, Վաշինգտոնում, Բոստոնում, Բալտիմորում և Ֆիլադելֆիայում:













