Ամերիկյան մի շարք նահանգներ համատեղ հայց են ներկայացրել Թրամփի նոր միգրացիոն հրամանագրի դեմ
Ամերիկյան որոշ նահանգներ համատեղ դատական հայց են ներկայացրել երկրի նախագահ Դոնալդ Թրամփի՝ վերջերս ստորագրած նոր միգրացիոն հրամանագրի դեմ, որն 90 օրով արգելում է առավելապես մահմեդական բնակչություն ունեցող 6 պետությունների քաղաքացիների մուտքն ԱՄՆ, ինչպես նաև միառժամանակ դադարեցնում է Սիրիայից փախստականների ընդունման ծրագիրը:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, հայցը ներկայացվել է Վաշինգտոն, Կալիֆորնիա, Մերիլենդ, Մասաչուսեթս, Նյու Յորք և Օրեգոն նահանգների կողմից:
Հայցի հեղինակները, դիմելով դաշնային դատարան, խնդրել են կասեցնել մարտի 6-ին ստորագրված փաստաթուղթը՝ պատճառաբանելով, որ հրամանագիրն ամենևին էլ չի բխում ԱՄՆ շահերից:
Հայտնի է, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունն այժմ ուսումնասիրում է հայցն ու նախապատրաստվում դատարանի առջև պատասխան տալուն:
Նշվում է, որ Հավայի նահանգն ավելի վաղ առաջին հայցն էր ներկայացրել Թրամփի նոր միգրացիոն հրամանագրի դեմ՝ նշելով, որ նահանգը մեծ կախում ունի զբոսաշրջությունից ու զգալի կտուժի երկրի ղեկավարի որոշման հետևանքով:
Հիշեցնենք, որ սա Թրամփի 2-րդ միգրացիոն հրամանագիրն է: Առաջինը (ստորագրվել է հունվարի 27-ին) մեծ իրարանցում է առաջացրել ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլև տարբեր երկրներում: Արդյունքում ԱՄՆ սահմանադրական դատարանը կասեցրել էր առաջին հրամանագիրը:










