Հակամարտությունների կարգավորման ընթացքում ընդհատումներ լինում են, ամենակարևորը՝ թույլ չտալ պատերազմի վերսկսումը. Տորկունովը ԼՂ մասին
Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի ԱԳՆ-ի ՄԳԻՄՕ-ի (Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ) ռեկտոր Անատոլի Տորկունովը՝ նշելով, որ անհրաժեշտ է, որ բանակցային գործընթացն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները ակտիվանան:
Դիտարկմանը, թե Մինսկի խումբը հասցեական հայտարարություններ չի անում, արդյո՞ք սա չէ պատճառը, որ Ադրբեջանը դիմում է արկածախնդրության, ՌԴ ԱԳՆ ՄԳԻՄՕ-ի ռեկտորը պատասխանեց, թե Մինսկի խումբը սպառված չէ, և աշխատանքը պետք է շարունակվի:
«Նման գործընթացներում միշտ էլ ընդհատումներ են լինում. սա հեշտ հարց չէ: Կարծում եմ, որ ընդհատումները պետք է հաղթահարել, ձգտել նպատակին և ամենակարևորն այն է, որ թուլ չտրվի պատերազմի վերսկսումը: Հուսով եմ, որ այս հարցով կլինեն բանակցություններ, դրանք կվերսկսվեն»,- նշեց Անատոլի Տորկունովը:
Հարցին, թե ի՞նչ քայլեր պետք ձեռնարկել, որ Ադրբեջանը հասկանա՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, Անատոլի Տորկունովը պատասխանեց, որ կան մի շարք միջազգային իրավական փաստաթղթեր, որոնք նախանշում են հարցի լուծման հնարավոր ուղիները։
«Բոլորն էլ նշում, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: Ինչ վերաբերում է կոնկրետ քայլերին, ապա դրանք, կարծում եմ, առաջին հերթին ի հայտ պիտի բերվեն Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից: Բայց ստեղծվել է նաև Մինսկի խումը, կա այս գործիքը, և կարծում եմ, որ այն կարող է հանգեցնել շոշափելի արդյունքի»,- ասաց Անատոլի Տորկունովը:
Ինչ վերաբերում է հանգամանքին, որ ԼՂ-ն բանակցություններին չի մասնակցում, ապա Անատոլի Տորկունովը հիշեցրեց, որ այսօր Ստեփանակերտի շահերը ներկայացնում է Երևանը, բայց որպեսզի Արցախը մասնակցի բանակցություններին, դա կարող է լինել կողմերի համաձայնության արդյունքում:
Նշենք, որ այսօր Ռուսաստան է մեկնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Վերջինս նաև հայտարարել է, որ վերջիվերջո Բաքվում պետք է հասկանան՝ Հայաստանն ու համանախագահ պետությունները խոսում են մի լեզվով. քաղաքակիրթ աշխարհում բանակցություններն այլընտրանք չունեն, պատերազմը խնդիրների լուծման տարբերակ չէ, և միայն երկխոսության, այլ ոչ վերջնագրերի միջոցով է հնարավոր խաղաղության հասնել:
«Մենք հիմնվում ենք նրա վրա, որ ժողովրդի՝ սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը ժամանակակից աշխարհակարգի անքակտելի մասն է: Եվ հենց սրա հիման վրա էլ պետք է լուծվի ԼՂ հակամարտությունը: Միևնույն ժամանակ, պետք է ուշադրություն դարձնել միջազգային փորձագիտական հանրության գնահատականներին առ այն, որ ԼՂՀ-ում հետևողականորեն ժողովրդավարական պետականաշինություն է իրականացվում»,- ասել է Սերժ Սարգսյանը:










