Թրամփն իր տարեկան աշխատավարձը կտրամադրի բարեգործությանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր տարեկան աշխատավարձը կնվիրաբերի բարեգործությանը: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Շոն Սփայսերը: Ամերիկացի առաջնորդի աշխատավարձը կազմում է տարեկան 400 հազար դոլար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սփայսերի խոսքով՝ Թրամփը ցանկանում է, որ լրագրողներն իրեն օգնեն ընտրել, թե հատկապես ինչ նպատակների համար են օգտագործվելու այդ գումարները:
Իր նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը նշել էր, որ չի պատրաստվում աշխատավարձ ստանալ՝ բացառությամբ օրենքով նախատեսված նվազագույն 1 դոլարի:
Ավելի վաղ նրան քննադատում էին այն բանի համար, որ գրեթե ոչինչ չի նվիրաբերել բարեգործությանը բիզնեսում այդքան տարիներ աշխատելու ընթացքում:
2016 թվականին Forbes ամսագրի վարկանշային ցանկում Դոնալդ Թրամփի կարողությունը գնահատվել է 3,7 միլիարդ դոլար:










