Մեր բողոքով ասում էինք, որ ամոթ է, որ Ադրբեջանի նախագահի նման բռնապետը այցելում է Ֆրանսիա. Արա Թորանյան

18:04 • 15.03.17

Ֆրանսիայի մի շարք քաղաքներում երեկ երեկոյան հայ համայնքը կազմակերպել էր բողոքի ակցիա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Փարիզում նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպման առթիվ: 

Այս մասին Tert.am-ին պատմեց Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի համանախագահ, «Nouvelles d'Arménie» ամսագրի խմբագիր Արա Թորանյանը:

Նրա պատմածով՝ մոտ 300 մարդ հավաքվել էր Փարիզի Թրոքատերոյի հրապարակում՝ ի նշան բողոքի: Ներկա էին Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն, Մարսելի քաղաքապետ Ֆրանսուա Փյուփոնը, Ալֆորվիլի սենատոր-քաղաքապետ Լյուք Գարվունասը, ներկա էին նաև ներկայացուցիչներ քրդերից: Նրանք բոլորն իրենց բողոքն էին արտահայտում Ադրբեջանի վարած քաղաքականության դեմ:

«Մեզ համար իհարկե կարևոր էր, թե ինչ կքննարկվի Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ Արցախի մասին, բայց մենք նաև մեր բողոքով ասում էինք, որ ամոթ է, որ Ադրբեջանի նախագահի նման բռնապետը այցելում է Ֆրանսիա»,- ասաց նա:

Արա Թորանյանի խոսքով՝ իրենք փորձում են հասկանալ, որ Ֆրանսիան, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ երկիր, փորձում է հավասարակշռել իր հարաբերությունները արցախյան հակամարտության բոլոր կողմերի միջև:

«Բայց մեզ համար հասկանալի չէ, որ ամեն անգամ, երբ Օլանդն ընդունում է Հայաստանի նախագահին, հետո ստիպված պետք է ընդունի Ադրբեջանի նախագահին: Մենք ասում ենք, որ դա ճիշտ չէ: Միշտ մեջտեղում մնալը արդարություն չի նշանակում»,- ասաց նա: