Կիևը դադարեցնում է Դոնբասի հետ տրանսպորտային հաղորդակցությունը
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել Կիևի հսկողության տակ չգտնվող Դոնբասի տարածքների հետ տրանսպորտային հաղորդակցությունը: Այդ մասին նախագահի աշխատակազմում կայացած նիստի ժամանակ հայտնել է խորհրդի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը, հայտնում է ТАСС-ը:
«Հաշվի առնելով ուկրաինական ձեռնարկությունների գրավումը և հակաահաբեկչական գործողության գոտում անվտանգության իրավիճակի սրումը՝ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը որոշում է կայացրել դադարեցնել բեռների տեղափոխումը բախման գոտու միջով»,- ասել է նա:
Տուրչինովի խոսքով՝ արգելքը կգործի «մինչև 2015 թվականի փետրվարի 12-ի մինսկյան պայմանավորվածությունների կյանքի կոչման միջոցառումների համալիրի 1 և 2 կետերի (հրադադար և զենքի հեռացում) իրականացումը, ինչպես նաև մինչև գրավված ձեռնարկությունների վերադարձն ուկրաինական իրավասությանը»:
Դոնբասի հետ տրանսպորտային հաղորդակցությունը ժամանակավորապես դադարեցնելու նախաձեռնությամբ հանդես է եկել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:










