Պեկին-Մելբուրն չվերթի ուղևորուհու ականջակալները պայթել են` վնասվածքներ հասցնելով նրան (լուսանկարներ)

15:00 • 15.03.17

Ավստրալիայի իշխանությունները նախազգուշացրել են չվերթների ժամանակ մարտկոցներով սարքավորումներ օգտագործելու վտանգի մասին այն բանից հետո, երբ ուղևորուհիներից մեկի ականջակալները պայթել և վառվել են թռիչքի ընթացքում:

Տուժած կինն Ավստրալիայի տրանսպորտային անվտանգության ծառայությանը պատմել է Պեկինից Մելբուրն ուղևորվող ինքնաթիռի սրահում տեղի ունեցած միջադեպի մասին:

Կնոջ խոսքով` ինքը քնել է անլար ականջակալներով երաժշտություն լսելու ժամանակ և արթնացել պայթյունից:

«Բռնեցի դեմքս, ականջակալներն ընկան վզիս, սակայն շարունակեցի ուժեղ ջերմություն զգալ: Այդ ժամանակ վերցրի ականջակալներն ու նետեցի գետնին», - պատմել է տուժածը:

BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ` տուժածին օգնության է հասել բորտուղեկցորդուհին և ջուր լցրել ականջակալների վրա: Ականջակալների մարտկոցները և կորպուսը հալել են, ինչի հետևանքով ինքնաթիռի սրահում վառված մազերի և պլաստիկի հոտ է տարածվել:

Նշվում է, որ կինը թեթև այրվածքներ է ստացել ձեռքերի, դեմքի և պարանոցի հատվածում: Կնոջ անունը և ականջակալներն արտադրող ընկերության անվանումը չեն հաղորդվում:

Ենթադրվում է, որ միջադեպի պատճառը լիթիում-իոնային մարտկոցն է: Տրանսպորտային անվտանգության ծառայության հաղորդմամբ` միջադեպերը կարող են կրկնվել, քանի որ ինքնաթիռների ուղևորները սկսել են ավելի հաճախ օգտվել անլար սարքերից: