Հայաստանն ու Ռուսաստանը միակարծիք են՝ ԼՂ հակամարտության գոտում ուժի կիրառումն անթույլատրելի է. Մոսկվայում կայացել է Պուտին–Սարգսյան համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ, թարմացված)
18.48
«Հայաստանն ու Ռուսաստանը միակարծիք են՝ ԼՂ հակամարտության գոտում ուժի կիրառումն անթույլատրելի է: Հայաստանը բարձր է գնահատում Ռուսաստանի և Մինսկի խմբում համանախագահող մյուս երկրների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ներդրումը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու գործում»,- այս մասին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում: «Հատուկ ուշադրություն ենք հատկացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, բանակցային գործընթացն առաջ մղելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծման հարցերին: Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի և համանախագահող մյուս երկրների ներդրումը հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման գործում: Ընդգծվել է կրակի դադարեցման ռեժիմի պահմանման անհրաժեշտության մասին 1994, 1995թթ. համաձայնագրերի կատարման կարևորությունը, նաև 2016թ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը: Մենք միակարծիք ենք, որ ուժի կիրառումն անթույլատրելի է և վնասում է խաղաղ գործընթացին»,- նշել է Նախագահ Սարգսյանը:
Իր հերթին Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում փոխընդունելի լուծումների որոնման հարցում` ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի, այնպես էլ Երևանի ու Բաքվի հետ ուղիղ կոնտակտների միջոցով:
18.24
Ռուսաստանը շարունակում է լիովին աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության փոխշահավետ հանգուցալուծումների որոնմանը ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, այնպես էլ Երևանի և Բաքվի հետ անմիջական շփումների ընթացքում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների արդյունքներով մամուլի համար հայտարարությունում, որի տեքստը հրապարակվել է Կրեմլի կայքում:
«Հատուկ ուշադրություն է հատկացվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին: Ռուսաստանը շարունակում է լիովին աջակցել հակամարտության երկուստեք ընդունելի հանգուցալուծումների որոնմանը` ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, այնպես էլ Երևանի և Բաքվի հետ անմիջական շփումների ընթացքում»,- ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ և բազմակողմ ձևաչափով հարաբերությունների օրակարգին և համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել տարբեր ոլորտներում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:
Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը, մտքեր փոխանակել միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ:
17.44
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հաջողություն է մաղթել Հայաստանին սահմանադրական բարեփոխումների ավարտի և խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցում: ՌԴ նախագահը վստահեցրել է, որ Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի Հայաստանը լինի անկախ և կայուն, հայտնում է ТАСС-ը:
«Մոսկվա Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի այցը տեղի է ունենում Հայաստանի ներքաղաքական կյանքի համար կարևոր ժամանակահատվածում. ավարտվում է սահմանադրական բարեփոխման իրականացումը՝ ուղղված խորհրդարանական հանրապետության ստեղծմանը, առջևում Ազգային ժողովի ընտրություններն են»,- նշել է Ռուսաստանի նախագահը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների արդյունքներով մամուլի համար հայտարարությունում:
Պուտինի խոսքով՝ «Հայաստանի իշխանությունները մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի նախընտրական արշավը, քվեարկության ընթացքը և արդյունքների ամփոփումը տեղի ունենան ազատ և ժողովրդավարության հիման վրա»: «Կցանկանայի ձեզ այդ հարցում հաջողություն մաղթել»,- ասել է նա:
ՌԴ նախագահը նշել է նաև. «Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է կայուն, անկախ և դինամիկ զարգացող Հայաստանի հարցում»:
Պուտինի գնահատմամբ՝ Հայաստանի նախագահի հետ այսօրվա բանակցություններն ավանդաբար «անցել են կառուցողական և գործնական մթնոլորտում»: Քննարկվել են երկկողմ համագործակցության առանցքային հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրներ:
17.20
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել, որ ՌԴ-ն և ՀՀ-ն կարող են անցնել ազգային արժույթներով փոխհաշվարկների:
«Առևտրի հետագա ընդլայնման և դիվերսիֆիկացման նպատակով այժմ ուսումնասիրվում է ազգային արժույթներով փոխհաշվարկների հնարավորությունը»,-ասել է Վլադիմիր Պուտինը լրագրողներին՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ:
17.10 Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի համատեղ մամուլի ասուլիսը:
Վլադիմիր Պուտինը և Սերժ Սարգսյանն ասուլիսին նախորդած հանդիպման ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը, ինչպես նաև քաղաքական, առևտրա-տնտեսական և մշակութային-մարդասիրական ոլորտներում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Կրեմլի Մեծ պալատում մեկնարկել է պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նախագահ Սարգսյանի այցը Մոսկվա մեկնարկել է մարտի 14-ին:










