Թուրքիայում Դիարբեքիր-Մարդին մայրուղու վրա ահաբեկչական պայթյուն է տեղի ունեցել, մահացել են զինվորականներ

11:09 • 15.03.17

Թուրքիայում Դիարբեքիր և Մարդին նահանգների միջև ընկած ավտոմայրուղու վրա ահաբեկչական պայթյունի հետևանքով երկու թուրք զինվորական է մահացել, կան վիրավորներ, հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը: 

Նշվում է, որ ինքնաշեն պայթուցիկ սարքը տեղադրված է եղել «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման զինյալների կողմից:

Հայտնի է, որ Դիարբեքիր-Մարդին մայրուղին երկկողմանի փակվել է, տարածք են տեղափոխվել թուրքական ԶՈւ-ի հատուկջոկատայիններ:

Հիշեցնենք, որ ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը: Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը: