Սերժ Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը քննարկել են ՀՀ-ՌԴ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

20:27 • 15.03.17

Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում ՀՀ Նախագահը և ՌԴ վարչապետն անդրադարձել են ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջև բոլոր ուղղություններով առկա փոխգործակցության ընթացքին, ամփոփել մինչ այժմ իրականացված աշխատանքների արդյունքներն ու քննարկել առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Հայ-ռուսական երկկողմ հարաբերություններից բացի, Սերժ Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել են նաև ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության մեխանիզմների արդյունավետ կիրառման հարցերին:

Հանրապետության Նախագահը և ՌԴ վարչապետը մտքեր են փոխանակել այլ պետությունների հետ ԵԱՏՄ համագործակցության զարգացման հեռանկարի և այդ ուղղությամբ ՀՀ և ՌԴ կողմից իրականացվող քայլերի շուրջ:

Հայաստանի և Ռուսաստանի հաղորդակցության ուղիների դիվերսիֆիկացման հարցերը ևս եղել են Նախագահ Սարգսյանի և վարչապետ Մեդվեդևի քննարկման առանցքային թեմաների շարքում: