Թրամփի հարկային հայտարարագրի արտահոսքն առաջացրել է Սպիտակ տան զայրույթը
Ամերիկյան MSNBC հեռուստաալիքի հաղորդավարուհի Ռեյչել Մեդոուն երեքշաբթի խոստացել է իր հաղորդման ժամանակ հրապարակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 2005 թվականի հարկային հայտարարագիրը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ավելի ուշ եթեր դուրս եկած ծրագրի ընթացքում ցուցադրվել է երկու էջ, որոնք հեռուստաալիքի հավաստմամբ՝ Թրամփի 2005 թվականի հարկային հայտարարագիրն են: Լրագրողը, որից հեռուստաընկերությունը հարցազրույց է վերցրել, ասել է, որ փաստաթղթեր է ստացել փոստով՝ անանուն աղբյուրից:
Դեռ հաղորդման եթեր դուրս գալուց առաջ, սակայն Մեդոուի հայտարարությունից հետո Սպիտակ տունը հայտնել է, որ Թրամփը 38 միլիոն դոլար հարկ է վճարել 150 միլիոն դոլար եկամուտ ունենալու դեպքում:
Սպիտակ տանը հայտարարել են, որ Թրամփը որպես գործարար պարտավոր է եղել վճարել ոչ ավելի հարկ, քան պահանջվում է օրենքով, և մեղադրել են հեռուստաընկերությանը, որ MSNBC-ն հարկային փաստաթղթերի հրապարակմամբ օրենք է խախտել:
Թրամփը նախկինում հրաժարվում էր հրապարակել իր հարկային հայտարարագրերը:










