Արցախի հարցում կգտնենք բանակցային այնպիսի տարբերակ, որով հայ ժողովրդի արժանապատվությունը չի տուժի. ՀՀ վարչապետ

21:52 • 15.03.17

Հանրապետական կուսակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ունի հետևողական ծրագիր, որպեսզի հայ ժողովրդի արժանապատվությունն ու դիրքը երբևէ չտուժի: Այդ մասին Էրեբունի վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Մեր կուսակցության ծրագրում անվտանգության և Արցախի խնդրի լուծման հարցում շատ հստակ ձևակերպում ենք տվել: Ակնհայտ է, որ բոլորս այսօր Արցախին վերաբերվում ենք որպես հայկական աշխարհի մի կտորի, որտեղ որոշվում է մեր արժանապատվությունը, մեր ինքնասիրությունը, մեր ազգի վաղվա օրը: Այս հարցում  ունենք շատ հստակ, հետևողական ծրագիր, որն ուղղված է նրան, որպեսզի մեր արժանապատվությունն ու դիրքը երբևէ չտուժի: Բանակցային գործընթացում ունենալով այդ ուրվագիծը` մենք կարծում ենք, որ կգանք այնպիսի տարբերակի, որպեսզի պատերազմական ռիսկերը նվազեցնենք առաջին հերթին մեր ուժեղ լինելով»,- ընդգծեց Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով` եթե վաղը կամ մյուս օրը հակառակորդը վերադառնա բանակցային տրամաբանությանը, իրենք կգտնեն բանակցային այնպիսի տարբերակ, որի պարագայում հայ ժողովրդի ինքնասիրությունը, արժանապատվությունը և մեր ժողովրդի ներքին «Ես»-ը չի տուժի: