Վենեսուելայում հումանիտար ճգնաժամ է հայտարարվել

10:20 • 15.03.17

Վենեսուելայի ընդդիմադիր ազգային ասամբլեան՝ խորհրդարանը, երեքշաբթի միաձայն բանաձև է ընդունել երկրում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ, ինչպես նաև հավանության է արժանացրել մթերքի մատակարարման հետ կապված խնդիրների հետաքննության հանձնաժողովի ստեղծումը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Խորհրդարանի նախագահ Խուլիո Բորխեսի խոսքով՝ կառավարությունը փորձում է թաքցնել իրական աղետալի դրությունը, որում հայտնվել են վենեսուելացիները:


«Տրամաբանական կլիներ, եթե կառավարությունն արտակարգ դրություն հայտարարեր հումանիտար ոլորտում, բայց այն փորձում է թաքցնել ճշմարտությունը և ոչնչացնել արտադրությունը»,- ասել է նա։


Ազգային ասամբլեայի նախագահը հայտարարել է, որ խորհրդարանը պահանջում է իշխանություններից հատուկ հումանիտար ալիք բացել, որով երկիրն օտար պետություններից օգնություն կստանա՝ աղքատության և սովի խնդիրը լուծելու համար:


Վենեսուելայում ճգնաժամը խորացել է ընդդիմադիր խորհրդարանի աշխատանքի մեկնարկից հետո, քանի որ օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև աշխատանքային համագործակցությունն ամբողջովին բացակայում է: