«Նեգատիվը սարքած ձվածեղ՝ սաղ օրն ուտում են». Տիգրան Արզաքանցյանը մրցակից կուսակցությունների մասին (տեսանյութ)

19:47 • 16.03.17

Գավառի Արծվաքար թաղամասում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ԱԺ «Հանրապետական» խմբակցության նախկին պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության տարածքային ցուցակով Գեղարքունիքի մարզից առաջադրված Տիգրան Արզաքանցյանին բնակիչները մի շարք հարցեր տվեցին, մեղադրեցին թե՛ իշխող կուսակցությանը, թե՛ մյուս կուսակցություններին երկրի վատ տնտեսական իրավիճակի համար։

Մինչ Տիգրան Արզաքանցյանը կխոսեր, մի քանի երեխաներ ցուցադրական ելույթ ունեցան, ներկայացրեցին սպորտային համար։  

Բնակիչներից մեկը, դիմելով Տիգրան Արզաքանցյանին, ասաց. «Մեր երեխեքը լավ ելույթ ունեցան, Դուք տեսաք։ Էն աղջիկն էլ իմ աղջիկն ա, էն քյոռփեն։ Հիմի մենք չունենք հնարավորությունով ծնողներ, որ Մանուկին մե քիչ պադերժկա անենք մի հատ դահլիճի համար»,-ընդգծեց բնակիչը՝ հորդորելով երեխաների ուսուցչին օգնել սպորտդահլիճ ունենալու հարցում։

Տիգրան Արզաքանցյանն արձագանքեց. «Կարաս չշարունակես, ես ասել եմ՝ իմ դուրը լավ եկավ, ես իմ հիմնադրամի գործադիր տնօրենին կասեմ՝ թող դիմումը գրեն, ես կաջակցեմ՝ երեխեքի աշխատանքը շարունակվի»։

Տիգրան Արզաքանցյանն ասաց, որ պետք է ամեն ինչ անեն, որ երիտասարդները փողոցում չլինեն։  

Բնակիչները Տիգրան Արզաքանցյանին ասացին, որ բոլորը գալիս են, ճառեր են ասում, բայց ոչինչ չի փոխվում. «Ճոխ-ճոխ խոստումներ են տալիս, հենց նախընտրական քարոզարշավն ավարտվում է, ժողովրդի վիճակը մնում է նույնը, ինչի՞ բոլոր կուսակցությունները չեն միանում՝ ժողովրդին ճգնաժամից հանեն»։  

Արզաքանցյանն էլ արձագանքեց, որ իրեն շատ խելոք հարց է տրվում, մարդիկ այսօր տարբեր կուսակցություններ, դաշինքներ են ստեղծում իրենց շահերի համար, գիտեն թե կուսակցություն ստեղծելը բիզնես է։

«Բիզնես չէ, թարգ տվեք ձեր բառադի խոսալուն, արեք, հավաքվեք հզոր կուսակցության կողքը, խելքը գլխին ուժ ըլնի։ 9 կուսակցություն էսա փոքր երկրում... Հասկանում եմ՝ խելքներդ թռցրած ա... Էս ազգին ընենց են անում, հագցնում են իրար, կեսը՝ «Բարգավաճ», կեսը՝ «Դաշնակցություն», կեսը՝ «Ժառանգություն»։ Տո մենք շուտվա ժառանգ ենք, մեր կողքին եղեք, խասկցեք իրար, գործերը տանենք առաջ.... Գիտե՞ս ինչքան դժվար ա մարդու ուղեղը փոխել, ընենց մարդիկ կան, որ մարդու հաջողությունից տխրում են։ Մի՛ տխրեք, մի՛ եղեք նեգատիվ, նեգատիվը սարքած իրանցը ձվածեղ՝ սաղ օրն ուտում են. եղեք բարի, լավ ցանկացող, որ Աստված ձեր դեմը դուռ բացի։ Չար մարդու դեմ, տեսե՞լ եք, դուռ բացվի», -շեշտեց նա։

Տիգրան Արզաքանցյանը գովեց Հայաստանի Հանրապետական կուսակցությանը՝ ասելով, որ նույնիսկ վարչապետը, ով Մոսկվայում լավ կյանք էր վայելում, եկել է, կանգնել է կուսակցության, ժողովրդի կողքին։


Մանրամասները՝ տեսանյութում։