Տխուր է, որ մեր ազգը իրար չի հասկանում. Տիգրան Արզաքանցյանը նախընտրական միջադեպերի մասին (տեսանյութ)
Գեղարքունիքի մարզում նախընտրական միջադեպեր չկան, հանրապետականներն էլ թիմային են աշխատում են, չեն մրցակցում։ Tert.am-ի հետ զրուցում ասաց նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀԿ տարածքային ցուցակով Գեղարքունիքի մարզից առաջադրված Տիգրան Արզաքանցյանը։
Ինչ վերաբերում է մի շարք մարզերում գրանցված միջադեպերին, ապա Տիգրան Արզաքանցյանն ասաց. «Կրակոցների մասին ոչ մի բան չգիտեմ։ Էդ ամենը ինչը տխուր է, որ մեր ազգը իրար չի հասկանում, վեճերի մեջ է ընկնում, մարդկանց կուլտուրայի պակասն է, որ մեկը մեկին չի հասկանում»։
Տիգրան Արզաքանցյանը նշեց, որ այլ կուսակցություններից և դաշինքներից իր մրցակիցներին գրեթե չի ճանաչում։
«Մյուս մրցակիցներին հեռուստատեսությամբ տեսնում եմ, լսում եմ։ Քչերին եմ մոտիկից ճանաչում ուրիշ կուսակցությունից, ես անձամբ զբաղվում եմ մեր կուսակցության աշխատանքներով»,-նշեց նա։
51-ամյա Տիգրան Արզաքանցյանն ասել էր, որ սովորում է Մոսկվայի համալսարաններից մեկում։ Անդրադառանալով քննդատություններին, թե նա պարզապես այդպիսի փաստաթուղթ է ներկայացրել ԿԸՀ, որպեսզի չզրկվի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից՝ Տիգրան Արզաքանցյանն ասաց. «Այս տարիքում ուսանող լինելը հավես ա, այս տարի ավարտում եմ։ Գիտե՞ք ինչ կա, խոսում են շատերը, տխրում են իմ հաջողություններից, թող էնենց անեն, որ ուրախ լինեն ուրիշների հաջողություններից, որ իրանց դեմն էլ լավ դուռ բացվի։ Ես բոլորին երջանկություն, ուրախությունում եմ ցանկանում։ Մարդ ինչքան ապրում է, ինչքան սովորի, վնաս չի, չիմանալն ա վնաս։ Խորհուրդս՝ ինչքան կարան, թող սովորեն, բարությունն էլ հետը միասին, թասիբով ըլնեն, հզոր կուսակցությանն էլ օգնեն»,-ընդգծեց նա։
Մանրամասները՝տեսանյութում։










