Բոլորն էլ խաբուկ են. գավառցիները չեն հավատում քարոզարշավին մասնակցող կուսակցությունների խոստումներին (տեսանյութ)
Գավառցիները չեն հավատում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական խոստումներին:
Գավառի Արծվաքար թաղամասում անցկացված հարցախույզին մասնակցած տղամարդկանցից մեկը, օրինակ, Tert.am-ի հետ զրույցում ասաց. «Նույն քարոզարշավն ա, նույն բաներն են խոստանում, բոլորն էլ խոստանում են՝ ասում են կանենք, բայց չեն անում... Փրկենք, թե ոնց են փրկելու… Աստված գիտի»:
Մեկ այլ տղամարդ էլ նույն հարցին պատասխանեց երկու բառով՝ բոլորն էլ խաբուկ են:
Պատասխանելով հարցին, թե որ քաղաքական ուժի ծրագրին են ծանոթ, որ կետերն են իրատեսական համարում, գավառցիներից մեկն ասաց. «25 տարի նույն հարցը տալիս են, բայց, դեռ չկա ոչ մի ակնկալիք, ի՞նչ ակնկալիք… Բայց հույսով ապրում ենք՝ կարող ա մի բան դուրս գա»։
Նրա կողքին կանգնած համագյուղացին էլ լրացրեց. «Դե սաղ էլ նույնն են, մենակ վերնագրերն են տարբեր, նույն ծրագրերն են»:
Իսկ երորրդ համագյուղացին էլ համամիտ լինելով, որ ծրագրերը նույնն են՝ կրկին լրացրեց. «Նույն ծրագրերն են, եթե 10-20 տոկոսն իրագործվի, շատ գոհ ու շնորհակալ կլինենք»:
Հավաքվածներից ամենատարեցն էլ նկատեց, որ տարածաշրջանից ընտրված պատգամավորները 5 տարին մեկ գալիս են, խոստումներ տալիս, ընտրվում, գնում ու վերջ. էլ նրանց տեսնող չկա:
Գավառցիների խոսքով՝ իրենց հիմնական խնդիրն աշխատատեղերի բացակայությունն է, որը, ըստ գավառցիների, մասամբ կարելի է լուծել նախկին լիմոնադի գործարանի վերագործարկմամբ:
«Ի վիճակի են աշխատել, բայց չեն կարում, տեղ չկա»,-բողոքեց տղամարդը:
Գավառցիք, որպես կոնկրետ լուծում, ակնկալում են ջարդված ապակիներով ու սևացած պատերով նախկին ակումբի վերակառուցումն ու գործարկումը:
«Մեր էրեխեքին զբաղվելու տեղ չկա, դուրս են գալըմ, ընկնում փողոցները»,-դժգոհեց գավառցի պապիկը:
Մանրամասները՝ տեսանյութում:










