Ռուսաստանը պատրաստ է աջակցել, եթե Երևանը և Անկարան նստեն բանակցությունների սեղանի շուրջ. Լավրով

13:34 • 16.03.17

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցություններին, երբ դրանք սկսվեն, և կողջուներ հայ-թուրքական սահմանի բացումը: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:


ՌԴ ԱԳ նախարարը Regional Post- Caucasus ամսագրին տված հարցազրույցում, որի տեքստը հրապարակվել է ՌԴ արտգործնախարարության կայքում, նշել է, որ Ռուսաստանը կարևոր դեր է խաղացել 2007-2009 թվականներին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցում, բայց ավելի ուշ կարգավորման գործընթացը կանգ է առել:


«Սակայն սկզբունքորեն կարևոր է, որ կողմերը պայմանավորվելու և լուրջ, պատասխանատու որոշումներ կայացնելու ունակություն են դրսևորել: Վստահ եմ, որ Հայաստանը և Թուրքիան ունակ են կարգավորել ունեցած խնդիրները: Ընդ որում՝ շատ բան կախված է հենց նրանցից: Քաղաքական գործիչների որակը որոշվում է ոչ միայն օբյեկտիվ դժվարությունների իրատեսական վերլուծության խորությամբ, այլև լավատես լինելու ունակությամբ՝ իրենց քաղաքացիների հույսերը և ձգտումներն իրականացնելու համար: Երբ Երևանը և Անկարան նստեն բանակցությունների սեղանի շուրջ, Ռուսաստանը պատրաստ կլինի նրանց տրամադրել ամենաակտիվ աջակցությունը»,- ասել է նա:


«Բնականաբար, մենք միայն կողջունենք, որ Եվրասիական տնտեսական միության արտաքին սահմանի հայ-թուրքական հատվածը բաց լինի մարդկանց, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի համար: Դա, անկասկած, դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա»,- ընդգծել է Սերգեյ Լավրովը:


Նախարարը նշել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը չպետք է դիտարկել որպես գործընթաց, որը կարող է վնասել այլ պետություններին: Ռուսաստանը չունի գաղտնի օրակարգ, նշել է Սերգեյ Լավրովը:


«Մենք չենք կառուցում քաղաքական կամ տնտեսական դաշինքներ, որոնք ուղղված են երրորդ երկրների դեմ և խախտում են ինչ-որ կողմի շահերը: Ընդհանուր առմամբ՝ բաց ենք կառուցողական, փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակցության համար բոլորի հետ, ով պատրաստակամություն է ցուցաբերում: Վստահ ենք, որ ռուս-թուրքական կապերն ամիսներ տևած ճգնաժամից դուրս բերելը կմեծացնի տարածաշրջանում վստահությունը և փոխըմբռնումը: Հույս ունենք, որ Անկարայի հետ երկկողմ համագործակցության փուլային վերականգնումը կնպաստի Անդրկովկասում խաղաղությանը, անվտանգությանը և կայունությանը»,- ասել է Լավրովը: