Մոսկվայում հայ եղբայրները հրազենային վիրավորում են ստացել տաքսիների բիզնեսում մրցակիցների կողմից

15:31 • 16.03.17

Մոսկվայի Սոլնցևո թաղամասում կրակոցներով է ավարտվել մասնավոր և օրինական տաքսիստների միջև մարտի 14-ին տեղի ունեցած վիճաբանությունը: Արդյունքում՝ մասնավոր տաքսիստներից մեկը վիրավորվել է գլխից, իսկ մյուսը՝ մեջքից և ոտքից:


Ինչպես հայտնում է kp.ru-ն, երկու հայ եղբայրները նրանցից մեծին՝ 36-ամյա Հրաչիկին (անունները փոխված են) պատկանող «Ժիգուլի» մակնիշի մեքենայով մոտեցել են վիճաբանության վայրին:


Հրաչիկը զբաղվել է մասնավոր տաքսի ծառայությամբ, այդ գործում նրան օգնել է 28-ամյա փոքր եղբայրը՝ Վարդանը: Երբ նա ավտոմեքենան կայանել է ավտոբուսային կանգառի մոտակայքում, մեքենայի մոտ կանգնել է քաղաքային տաքսին, որից դուրս են եկել երկու տղամարդ: Նրանք, բացելով «Ժիգուլիի» դուռը, նստել են հետևի նստատեղին: Նրանցից մեկը գրպանից հանել է տրավմատիկ ատրճանակը, այն դրել Հրաչիկի գլխին և հրամայել նրան գնալ մոտակա բակերից մեկը: Երբ ավտոմեքենան ժամանել է նշանակետ, Վարդանը, գիտակցելով, որ դարձել է տաքսու բիզնեսի մրցակիցների վիճաբանությունների մասնակից, փորձել է կտրուկ շարժումով հեռացնել ատրճանակը եղբորից, բայց ավտոմեքենա նստած անձը հասցրել է սեղմել ձգանը և փամփուշտը դիպել է հենց Հրաչիկի գլխին: Վարդանը դուրս է եկել ավտոմեքենայից և նույնպես ստացել հրազենային վիրավորում՝ մեջքի և ոտքի շրջանում:


Դրանից հետո հանցագործները դուրս են եկել ավտոմեքենայից և փախուստի դիմել: Դեպքի վայր են ժամանել թաղամասի բնակիչները, որոնք լսել են կրակոցների ձայները: Քաղաքացիները «շտապօգնություն» են կանչել: Հրաչիկը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում, իսկ նրա եղբայրը՝ հիվանդանոցի վնասվածքաբանական բաժնում:


Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «խուլիգանության» հոդվածով: