Մերձավոր Արևելքը կարևոր է ոչ միայն ՀՀ-ի, այլև՝ ամբողջ աշխարհի համար, որովհետև այս խաչմերուկում են հատվում խոշոր խաղացողների շահերը. Վ. Նաումկին

20:30 • 16.03.17

Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակն անկանխատեսելի է: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավար Վիտալի Նաումկինը:

Վերջինս նշեց, որ Մերձավոր Արևելքի ներկայիս դրությունը կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև՝ ամբողջ աշխարհի համար, որովհետև այս խաչմերուկում են հատվում խոշոր խաղացողների հետաքրքրությունները:

«Սիրիայում, օրինակ, այդ խոշոր խաղացողների հետաքրքրությունները, շահերը բախվեցին, ուստի իրավիճակը սրվեց: Եգիպտոսը, Սիրիան, Իրաքը, այսպես ասած, մայր մտան՝ տեսեք, թե որքան մարդ մահացավ այս ընթացքում, ինչքան զոհեր եղան: Միայն պաշտոնական թվերն արդեն սարսափելի են: Եգիպտոսը գուցե փոքր-ինչ հաղթահարեց պատերազմը, բայց տնտեսական շատ վատ իրավիճակում է»,- ասաց Նաումկինը՝ նշելով, որ պետք չէ մոռանալ նաև Լիբիայի, Եմենի մասին, որոնք ևս քաոսի են մատնված, բայց Սիրիայում տիրող իրավիճակի պատճառով ստվերվում են:

Նշենք, որ 2011թ.-ի այս օրը՝ մարտի 11-ին, սկսվեց Սիրիայի պատերազմը: Երեք պետությունների կողմից (Թուրքիայի, Ռուսաստանի և Իրան) ստեղծվեց բանակցային ֆորմատ՝ հարցը քննարկելու համար: Աստանայում տեղի ունեցած ամփոփիչ կոմյունիկեի ժամանակ կառավարության և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների միջև ընթացող բանակցությունների ժամանակ ներկայացվել էր հաշտեցման երաշխավոր: Մարտի 7-20-ը Սիրիայի կառավարական ուժերի և զինյալների միջև հաստատվեց հրադադար, բայց տեղ-տեղ լարվածությունը շարունակվում է պահպանվել:

Նաումկինի խոսքով՝ հաստատված փխրուն հրադադարը կարող է լինել առաջին լուրջ քայլը՝ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը մեկնարկելու համար: Իսկ թե որքանո՞վ են կողմերը պատրաստ բանակցություններին առանց նախապայմանների, ըստ Վիտալի Նաումկինի, դժվար է կանխատեսել:

Վերլուծաբանը նշեց, որ ներկայիս իրավիճակը արևմտյան միջամտության արդյունքն է, որովհետև ԱՄՆ-ը, պաշտոնական ցուցանիշով, վերջին 20 տարում 6 տրիլոն դոլար է վատնել Մերձավոր Արևելքի վրա, այնինչ տարածաշրջանը կարող էր այդ գումարով ծաղկել:

Վիտալի Նաումկինի խոսքով՝ տարածաշրջանային հակամարտությունները թե՛ Մերձավոր Արևելքում, թե՛ Հարավային Կովկասում, միմյանց փոխկապակցված են:

«Մենք տեսնում ենք փախստականների, տեսնում ենք, թե մարդիկ ինչպես են Սիրիայից փախչում, նրանց թվում հայեր կան՝ Հալեպից, 20 հազար փախստական հայ կա, և դեռևս հասկանալի չէ, թե ինչ կլինի Սիրիայում ապագայում: Իհարկե, հայ համայնքը փորձում է վերականգնել փլուզված քաղաքը, բայց ապրել նման պայմաններում, հասկանում եք, որ անհնար է»,- ասաց Վիտալի Նաումկինը:

Վերլուծաբանը նշեց, որ վտանգավոր են նաև այն զինված ահաբեկիչները, ովքեր իրավիճակի կայունացումից հետո այս ու այն կողմ են ցրվելու:

Մերձավոր Արևելքը, ըստ Նաումկինի, տնտեսական առումով ևս շատ կարևոր է աշխարհի, հատկապես Հայաստանի, Ռուսաստանի համար, որպես առևտրային գործընկեր, որպես մեծ շուկա, բայց այսօր այդ հարուստ երկրները դուրս են մղվել աշխարհի միջազգային տնտեսական շուկայից՝ զբաղված լինելով իրենց խնդիրներով:

Հարցին՝ ի՞նչ դեր կարող են ունենալ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Սիրիայի հակամարտության համատեքստում, արդյո՞ք այս հարցում համագործակցություն հնարավոր է ակնկալել, Վիտալի Նաումկինը նշեց, թե ռուս-ամերիկյան հարաբերությունները ներկայումս ավելի ցածր մակարդակի են, քան «սառը պատերազմից» հետո և անգամ դրա ընթացքում:

«Սա վատ է: Կհաջողվի՞ արդյոք Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ժամանակ փոխել իրավիճակը, դժվար է ասել, որովհետև նա անկանխատեսելի է, բավական արագ փոխում է հռետորաբանությունը, միմյանց հակասող հայտարարություններ է անում։ Ուստի չեմ կարող ասել, թե ինչպիսին կլինի ԱՄՆ դիրքորոշումը Սիրիայի հարցում, ինչ կարևորություն կունենա ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ Մերձավոր Արևելքը: Գուցե նա առհասարակ չզբաղվի արտաքին քաղաքականությամբ և զբաղվի միայն ներքաղաքական հարցերով»,- նշեց ՌԴ գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարը:

Խոսելով ԱՄՆ նոր վարչակարգի մասին, Նաումկինը նշեց, որ Հայաստանի համար կարևոր պետք է լինեն Դոնալդ Թրամփի փորձերը՝ Իրանի նկատմամբ ճնշումներ գործադրելու, որովհետև Իրանը Հայաստանի համար մուտք է դեպի աշխարհ է:

«Հայաստանի և ՀՀ տնտեսական շահերի համար վատ հետևանք կունենա այն, որ Թրամփը տնտեսական նոր պատժամիջոցներ սահմանի Իրանի նկատմամբ կամ ճնշումներ գործադրի»,- հավելեց վերլուծաբանը: