ՌԴ-ն պատրաստ է առավելագույն ջանքեր ներդնել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման համար. Պուտին
Ռուսաստանը պատրաստ է որպես միջնորդ առավելագույն ջանքեր գործադրել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների մասին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հայաստանի հետ մեզ կապում են բարեկամության և փոխըմբռնման կապերը: Նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպումը ցույց տվեց, որ Ռուսաստանը և Հայաստանը, որպես դաշնակիցներ, հուսալիորեն աջակցում են միմյանց և միասին առաջ են տանում եվրասիական ինտեգրման գործընթացները: Մեր երկրների միջև բարեհաջող զարգանում է փոխգործակցությունը տնտեսության, առևտրի, ներդրումների, ռազմատեխնիկական ոլորտում: Ընդլայնվում են կապերը զբոսաշրջության, մշակույթի, գիտության և կրթության ոլորտում: Ռուսաստանը պատրաստ է որպես միջնորդ առավելագույն ջանքեր ներդնել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման համար»,- ասել է Պուտինն օտար պետությունների դեսպանների կողմից հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ:
Տասնութ պետությունների՝ այդ թվում Հայաստանի դեսպանը (Վարդան Տողանյանը) Կրեմլում հանձնում են իրենց հավատարմագրերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
Երեկ Մոսկվայում կայացել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը: Վլադիմիր Պուտինը և Սերժ Սարգսյանը հանդիպման ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը, ինչպես նաև քաղաքական, առևտրա-տնտեսական և մշակութային-մարդասիրական ոլորտներում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:










