Իսպանիայում «վրացական մաֆիայի» մոտ 50 անդամ է ձերբակալվել

14:55 • 16.03.17

Իսպանիայի ազգային ոստիկանությունը լայնամասշտաբ գործողություն է անցկացրել, որի ընթացքում ձերբակալվել է, այսպես կոչված, «վրացական մաֆիայի» 48 անդամ։ Նրանք զբաղվել են բնակարանային գողություններով, ասված է գերատեսչության հաղորդագրությունում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Domus պլան» գործողության շրջանակում խուզարկումներ են անցկացվել Մադրիդում, Գետաֆեում, Լեգանեսում և Բարսելոնայում: Հայտնաբերվել է 600 հատ թանկարժեք իր, ինչպես նաև էլեկտրական տեխնիկա, 13 հազար եվրո կանխիկ գումար, փաստաթղթեր և գործիքներ, որոնք օգտագործվել են կողպեքները կոտրելու համար: Այդկերպ՝ ոստիկանությունը բացահայտել է 40 հանցագործություն, որոնք իրականացվել են Մադրիդում և Մուրսիայում, ինչպես նաև մեկ գողություն Վրաստանում:


Հետաքննությունը սկսվել է անցած տարվա մարտին: Դրանից հետո իսպանական ոստիկանությունն իրականացրել է հանցավոր խմբավորման անդամների՝ հիմնականում վրացիների մի շարք ձերբակալություններ:


Aikon I գործողության առաջին մասն իրականացվել է անցած տարվա հունիսին և նոյեմբերին, այդ ժամանակ ձերբակալվել է մոտ 50 մարդ: Հունվարին ոստիկանությունը նոր գործողություն է իրականացրել, ձերբակալվածների թիվը հասել է 61-ի: Իրականացվել է 26 խուզարկություն, առգրավվել է 33 հազար եվրո առձեռն գումար, ութ թանկարժեք մեքենա, 7,1 հազար տուփ ծխախոտ, բազմաթիվ զարդեր, ժամացույցներ և այլն: