Թրամփը ճիշտ է համարում իր առաջին միգրացիոն հրամանագիրը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է ճիշտ համարել իր առաջին միգրացիոն հրամանագիրը: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Սփայսերը նշել է, որ «նախագահը նախկինի պես պաշտպանում է իր ամենաառաջին հրամանագիրը»: Նրա խոսքով՝ Թրամփը կարծում է, որ այդ հրամանագիրը ճիշտ էր մշակվել:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Հավայի նահանգը կասեցրել է հրամանագրի գործողությունը, որը պետք է ուժի մեջ մտներ հինգշաբթի կեսգիշերին: Թրամփն արդեն այդ որոշումը քաղաքական է անվանել։ Նա նշել է, որ դա աննախադեպ դատական սխալմունք է, որը շտկելու համար ինքը պատրաստ է մինչև վերջ գնալ՝ այդ թվում նաև մինչ ԱՄՆ գերագույն դատարան:
Թրամփը մարտի 6-ին ստորագրել է նոր հրամանագիր, որն ԱՄՆ մուտքի ժամանակավոր արգելք է սահմանում հիմնականում մահմեդական բնակչությամբ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի վեց երկրների քաղաքացիների համար:
Առաջին նմանատիպ հրամանագիրը Թրամփը ստորագրել է հունվարի 27-ին, այսինքն՝ երդմնակալությունից մեկ շաբաթ անց: Այդ հրամանագրում «սև ցուցակում» ներառվել էր 7 պետություն՝ այդ թվում Իրաքը, որը երկրորդ տարբերակում հանվել է ցուցակից:










