Թուրքիան տեղեկացրել է ՄԱԿ-ին Նիդեռլանդների կողմից «միջազգային իրավունքի խախտումների» մասին

10:32 • 16.03.17

Թուրքիան տեղեկացրել է ՄԱԿ-ին Նիդեռլանդների կողմից «միջազգային իրավունքի խախտումների» մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիան պատրաստվում է Նիդեռլանդների դեմ բողոք ներկայացնել միանգամից երեք միջազգային կազմակերպությունում՝ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և Եվրոպայի խորհրդում:


Նիդեռլանդներին Թուրքիայի կողմից ուղարկված դիվանագիտական նոտայում ասվում է, որ երկիրը խախտել է Վիեննայի կոնվենցիան՝ երկրից արտաքսելով Թուրքիայի ընտանիքի հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայյան Կայային:


«Այդ գործողությունը հակասում է դիվանագիտական էթիկային, ինչպես նաև միջազգային ընդհանուր իրավունքի հիմնական սկզբունքներին»,- ասված է ՄԱԿ ուղարկված նամակում:


Հիշեցնենք, որ մարտի 11-ին Նիդեռլանդների վարչապետը թույլ չէր տվել, որպեսզի Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի օդանավը վայրէջք կատարի Ռոտերդամում, որտեղ նա մտադիր էր Թուրքիայում կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի թեմայով հանրահավաք անցկացնել տեղի թուրքերի հետ:

Նույն նպատակով, սակայն արդեն ցամաքային ճանապարհով, Նիդեռլանդներ էր մեկնել Թուրքիայի ընտանիքի հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայյան Կայան, որի մեքենան կանգնեցրել են Ներքին գործերի նախարարության աշխատակիցները՝ թույլ չտալով առաջ շարժվել: Այնուհետև Նիդեռլանդների իշխանությունները նրան «անցանկալի անձ» են հայտարարել ու արտաքսել երկրից:


Անցած շաբաթ Գերմանիայում չեղարկվել են թուրք նախարարների մասնակցությամբ քաղաքական միջոցառումները, որոնց նպատակն էր հանդիպել գերմանաբնակ թուրքերին ու նրանց համոզել Թուրքիայում կայանալիք սահմանադրական բարեփոխումների թեմայով հանրաքվեի ժամանակ «այո» քվեարկել: Արգելքի սահմանումը զգալի լարվածություն է առաջացրել Գերմանիայի և Թուրքիայի հարաբերություններում: Անկարայում արգելքը համեմատել են նացիստների գործողությունների հետ: