Բուժաշխատողի աշխատավարձը պետք է բարձր լինի, որ բժիշկը հիվանդի գրպանին չնայի. ՀՅԴ թեկնածուների հանդիպումը բնակիչների հետ (տեսանյութ)

22:14 • 17.03.17

Թիվ 4 ընտրատարածքում, որն ընդգրկում է Կենտրոն, Նուբարաշեն, Էրեբունի վարչական շրջանները, ՀՅԴ-ն առաջադրել է Լևոն Գրիգորյանին, Բագրատ Եսայանին, Անահիտ Հարությունյանին, Մարինե Նանյանին ովքեր այսօր Էրեբունիում հանդիպեցին բնակիչներին: Լևոն Գրիգորյանն ասաց, որ ցանկանում է դառնալ պատգամավոր՝ լուծելու համար առողջապահության ոլորտի խնդիրները: «Առողջապահության մեջ ինձ համար փակ դռներ չկան, կարելի է ասել՝ ծայրից ծայր տիրապետում եմ համակարգին»,-ասաց նա և նշեց, որ աշխատել է առողջապահության բոլոր ոլորտներում և կարողացել է արդարացնել  բոլորի սպասումները:

Նա ասաց, որ իրենց դերն է լինելու այնպիսի օրենքներ մշակել, որոնք կհեշտացնեն հետագա աշխատանքները և հիմնելու են առողջապահության ապահովագրության համակարգը: Լևոն Գրիգորյանն ահազանգեց, որ ներկայումս Հայաստանը կորցնում է իր լավագույն կադրերին, որոնք հեռանում են երկրից: «Մեր հիմնական ինտելեկտուալ մասը մեկնում է, չպետք է դա թողնենք, վաղը մեզ, մեր երեխաներին կարող  է բուժող չլինել»,-ասաց նա:

Անահիտ Հարությունյանը նշեց, որ խորհրդարանում պետք է լինեն մարդիկ, ովքեր սիրում են իրենց երկիրը: «Դաշնակցությունը իրական գաղափարներ ունի, բոլոր ասպարեզներում ունենք տեսլական, մենք ծրագրային խորը գործունեություն ենք իրականացնում: Այս կուսակցությունն ամուր պետականություն է ցանկանում ստեղծել»,-ասաց նա:

Մարինե Նանյանը ևս կարևորեց ապահովագրական առողջապահության համակարգ ունենալը, որպեսզի յուրաքանչյուրը ցանկացած հիվանդության դեպքում կարողանա բուժվել, հետազոտվել: «Բուժաշխատողների աշխատավարձը պետք է լինի բարձր, որ բժիշկը հիվանդի գրպանին  չնայի»,-ասաց նա և նշեց, որ ցանկանում են խրախուսել նաև ծնելիությունը, հնարավորինս կրթությունը դարձնել անվճար, նպաստել հայրենադարձությանը:

Բագրատ Եսայանը նշեց, որ պետք է ընտրել Դաշնակցությանը, քանի որ այն 127 տարեկան է: «Ներկայումս ստեղծվել են դաշինքներ, որոնք չգիտես ամեն մեկը որ կողմ է գնում: Մի ներկայացուցիչը, որ իշխանության մեջ էր, հիմա արդեն փրփուրը բերանին քննադատում է այդ իշխանությանը: Մենք անուն կամ դեմք փոխելով չի, որ ներկայանում ենք, մենք չենք ամաչում մեր անցած ճանապարհից»,- ասաց նա և նշեց, որ որոշ քաղաքական ուժեր  չիմանալով ՀՅԴ-ին ոնց քննադատեն «ապուշ» բաներ են սկսել ասել և ժողովրդին փորձում են ապակողմնորոշել:  Նա նշեց, որ սփյուռքում միակ ուժ, որն ունի հեղինակություն և հավատ, ՀՅԴ-ն է և իրենք կարող են ապահովել ներդրումներ: