«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի առաջադրած խաղաղության ծրագիրը իրականության հետ կապ չունի. քաղաքագետ
Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի առաջադրած խաղաղության ծրագիրը իրականության հետ կապ չունի: «Ես համարում եմ, որ դա ընդամենը նախընտրական ծրագիր է, հետևաբար, ինչպես յուրաքանչյուր նախընտրական մոտեցում, կարող է կապ չունենալ քաղաքական, դիվանագիտական, կամ ռազմական իրականության հետ, որը կա Արցախյան հակամարտության շուրջ»,- ասաց նա:
Քաղաքագետը ակնհայտ համարեց, որ այս պահին ինչ-որ առաջխաղացում հնարավոր չէ արցախյան բանակցային գործընթացում և բավականին տեսանելի ապագայում չի լինի:
«Ամենակարևորը, որ դա տեղի չի ունենում մեծամասամբ Ադրբեջանի մոտեցումից ելնելով, որը մադրիդյան սկզբունքներից փորձում է հանել հայկական կողմի համար ամենակարևոր դրույթները»,- ասաց նա:
Սերգեյ Մինասյանը նշեց, որ մյուս քաղաքական ուժերը խոսում են միայն այն մասին, որ ոչ մի զիջում չեն պատրաստվում անել, իսկ ՀԱԿ-ը այդ գաղափարը օգտագործում է տարբերվելու համար, ինչը տրամաբանորեն բխում է այն մոտեցումներից, որոնք ունեցել է Լևոն Տեր-Պետրոսյանը 20-28 տարի առաջ:
«Բայց դա որևէ կապ չունի իրականության հետ, քանի որ քիչ է ասել, որ ես ուզում եմ խաղաղություն: Այն դրույթները, որոնք առաջ է քաշում ՀԱԿ-ը դա իրականում մադրիդյան դրույթների գաղափարն է. տարածքներ՝ խաղաղության և կարգավիճակի դիմաց: Սակայն մյուս կողմը՝ Ադրբեջանը, դա չի ընդունում»,-ասաց ա:
Ըստ քաղաքագետի՝ խնդիրն այն է, որ պատերազմ-խաղաղության գաղափարախոսական մոտեցումները առաջնահերթ չեն ներկայիս նախընտրական պայքարում: Նա կարծում է գաղափարախոսական մոտեցումներն արտաքին քաղաքականության վերաբերյալ ընտրություններում վճռորոշ դեր չեն խաղում, այլ վճռորոշը ադմինիստրատիվ, մարդկային, ֆինանսական ռեսուրսներն են:










