Աջափնյակում տեղի ունեցածն աղերս չունի քաղաքական գործընթացների հետ. ՀՀԿ-ն պարզաբանում է, ԲՀԿ-ն՝ մեղադրում թեկնածուի նկատմամբ հաշվերադար տեսնելու համար

13:43 • 17.03.17

ՀՀԿ Աջափնյակի նախընտրական շտաբը մամուլի ծառայություն հաղորդագրություն է տարածել ԲՀԿ-ի կողմից Աջափնյակում ռեյտինգային կարգով առաջադրված Վահան Կարապետյանի ծեծի ենթարկվելու միջադեպի առնչությամբ՝ նշելով, որ այն որևէ աղերս չունի քաղաքական գործընթացների և առաջիկա ընտրությունների հետ։

Նույն միջադեպի առնչությամբ հաղորդագրություն է տարածել նաև ԲՀԿ մամուլի խոսնակը՝ պնդելով, որ ՀՀԿ թեկնածու Արման Սահակյանի թիմակիցները դարանակալել և փորձել են հաշվեհարդար տեսնել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանի հետ։

Հիշեցնենք, որ մամուլի տեղեկություններով՝ երեկ ուշ գիշեր դաժան ծեծի է ենթարկվել Աջափնյակում, թիվ 2 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Վահան Կարապետյանը (Չերիի Վահան)՝ նույն ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Պետական գնումների գործակալության պետ Արման Սահակյանի թիմի անդամների կողմից։

ՀՀԿ Աջափնյակի նախընտրական շտաբի տարածած հաղորդագրության մեջ նշվում է.

«Աջափնյակ վարչական շրջանում նախորդ օրը տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հայտնում ենք, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանի և իր նախկին մտերիմներից մեկի միջև տեղի ունեցած վիճաբանությունը, որը, ցավոք, ուղեկցվել է ֆիզիկական ուժի գործադրմամբ, բացարձակապես աղերս չունի քաղաքական գործընթացների և գալիք ընտրությունների հետ:

Կարևորում ենք նաև այն հանգամանքը, որ տեղի ունեցածը ի սկզբանե հրահրվել է անձամբ ԲՀԿ պատգամավոր Վահան Կարապետյանի և իր  համակիրների կողմից ՀՀԿ նախընտրական շտաբերից մեկի մոտակայքում:  Ինչ վերաբերում է ապրիլի 2-ից հետո հնարավոր զարգացումներին, ապա տեղեկացնում ենք, որ ՀՀԿ Աջափնյակի կառույցը ջատագովն է իրականությունը պարզելու և բոլոր մեղավորներին իրենց տեղը դնելու, անկախ զբաղեցրած դիրքից և պաշտոնից:

Գալիք ընտրություններին Աջափնյակում վերահաս պարտությունից սադրանքների դիմող թեկնածուի թիմին առաջարկում ենք վերադառնալ քաղաքակիրթ հարթություն: Մեր կողմից գործադրելու ենք բոլոր ջանքերը ընտրական գործընթացներն օրինականության դաշտում պահելու ուղղությամբ»:

Միջադեպի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել նաև ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը։

«Երեկ երեկոյան Աջափնյակ համայնքում ՀՀԿ թեկնածու Արման Սահակյանի թիմակիցները դարանակալել և փորձել են հաշվեհարդար տեսնել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանի հետ՝ մատուցելով արջի հերթական ծառայությունը: Մենք, իհարկե, հասկանում ենք, որ Արման Սահակյանը և նրա թիմը այլևս հասկացել է, որ ո՛չ իրեն տրամադրված անսահման վարչական ռեսուրսը, ո՛չ անսահման փողը, որով Արման Սահակյանը ողողել է ողջ Աջափնյակ համայնքը, անհրաժեշտ արդյունք չեն տալիս, ուստի կանխազգալով ապագա պարտությունը՝ ՀՀԿ թեկնածուն դիմել է իրեն հոգեհարազատ վերջին ռեսուրսին՝ թաղի խուժանին և թմրամոլներին: Հաշվի առնելով ընտրական փուլը՝ «Ծառուկյան» դաշինքը չի տրվելու որևէ սադրանքի, բայց ապրիլին 2-ին հաջորդելու է ապրիլի 3-ը և բոլոր մեղավորները՝ փոքր տրամաչափի խուժանից մինչև այս միջադեպի կազմակերպիչը, ստանալու են իրենց արժանի պատասխանը: Տեղեկացնեմ նաև, որ Վահան Կարապետյանը տրամադրված է մարտական և վճռական և նույն ոգևորությամբ թե՛Վահանը և թե՛ մեր ողջ թիմը շարունակելու է քարոզարշավը՝ մեր երկրում լրջագույն փոփոխություններ իրականացնելու համար»,-ասված է ԲՀԿ խոսնակի հաղորդագրության մեջ։