«Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել

13:37 • 17.03.17

«Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը:

Այս մասին, Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ հավելելով, որ ՀՀ ՔԿ ղեկավարը գործի քննությունը հանձնարարել է ՀԿԳ քննության վարչությանը:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը մահացել էր մարտի 16-ին՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում: Արթուր Սարգսյանը, ով մեղադրվում էր «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ, նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին ազատ էր արձակվել, սակայն քննչական մարմնից խուսափելու պատճառաբանությամբ բերման էր ենթարկվել և փետրվարի 9-ին կալանավորվել, իսկ փետրվարի 10-ին անժամկետ հացադուլ էր հայտարարել:

Մարտի 13-ին «Հաց բերողի» խափանման միջոց կալանքը փոխվեց անձնական երաշխավորությամբ և նա «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխվեց «Արմենիա» ԲԿ, իսկ մի քանի օր անց տեղափոխվել էր տուն՝ համապատասխան դեղորայքային նշանակումներով և հատուկ սննդակարգով:

Արթուր Սարգսյանը 48 տարեկան էր: