Ինձ ոչ ընտրությունն է հետաքրքրում, ոչ էլ իրանց տված կաշառքը. հարցում (տեսանյութ)

22:08 • 17.03.17

Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում և Դալարիկ գյուղում հարցված քաղաքացիների մեծ մասը պատրաստվում է մասնակցել ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին: Հարցվածների մի մասը թեև արդեն կողմնորոշվել է, բայց հիմնականում չի ասում, թե ում է տալու ձայնը:

«Կողմնորոշվել եմ, բայց գաղտնիք է»,-ասաց Արմավիրի քաղաքացիներից մեկը, և նշեց, թե փոփոխության հույսով է գնում ընտրություններին:

Մեկ այլ քաղաքացի ասաց, թե կկողմնորոշվի՝ «ընդհանուր ծրագրերին ու նախկինում խոստումները կատարելու տոկոսային հարաբերությունները հաշվի առնելով»:   

Դալարիկ գյուղում հարցված քաղաքացիներից մեկը, ով հաշմանդամություն ուներ, ասաց, թե անպայման կմասնակցի. «Ընտրելիս էն ենք հաշվի առնելու, որ մեր Հայաստանը կարգավորեն, վիճակը կարգավորեն, ապրելաձևերը կարգավորեն: Մեկը ես՝ առաջին կարգի հաշմանդամ եմ ու ոչ մի հնարավորություն չունեմ, միայնակ, անապահով վիճակում եմ»,-ասաց նա:

Հարցվածների մեջ քիչ չէին նաև նրանք, ովքեր ընդհանրապես հրաժարվում էին մասնակցել ընտրություններին: Մեկը հիվանդ էր, մյուսը իմաստ չէր տեսնում: «Էտ խուժանները, որ էդտեղ նստած են, ի՞նչ օգուտ կա դրանից՝ չկա, մենք որ երթանք դրանից բան կա՞, կփոխվի՞ մի բան»,-հարցին հարցով պատասխանեց:

«Գործ չունեք, չէ, չեմ մասնակցելու»,-կտրուկ պատասխանեց մեկ այլ քաղաքացի: Հարցին՝ չի՞ հավատում քաղաքական ուժերի խոստացած փոփոխություններին, պատասխանեց. «Տո ես ինձի չեմ հավատում, ուրիշին ո՞նց հավատամ: Ոչ մի ձևով չեն կարող ինձ համոզել, ինձ ոչ ընտրությունն է հետաքրքրում, ոչ էլ իրանց տված կաշառքը»

Քաղաքացիներից մեկը կոչ էր անում անպայման մասնակցել. «Մենք պարտավոր ենք գնալ և  որպես քաղաքացի մեր դերը կատարել: Իմ ձայնը, իմ քվեարկած քվեն մեծ նշանակություն ունի»:

Մի քաղաքացի ասաց, թե գնալու է մասնակցելու. «Այո, մասնակցելու ենք, իմ խղճի հետ գնում եմ հաշվի նստեմ»:

Դալարիկ գյուղից երկու երիտասարդներ ասացին, որ չեն մասնակցի, քանի որ ապրիլի 2-ին Հայաստանում չեն լինի: «Տոմսը առել եմ, պահեմ ընտրություններից հետո՞ գնամ»,- ասաց երիտասարդներից մեկը՝ նշելով որ գնում է արտագնա աշխատանքի:

Նրա ընկերը ևս պատրաստվում էր մեկնել արտերկիր աշխատելու: «Հույս չունենք, ինչի%ն սպասենք, 30 տարի է ապրում ենք, հլա ոչ մի փոփոխություն չկա, չի էլ գա: Մեռանք էտ փոփոխություններին մասնակցելով, օգուտ չկա»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։