ԱՄՆ պետքարտուղարը հնարավոր է համարել ռազմական ուժի կիրառումը Հյուսիսային Կորեայի դեմ
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ կարող է Հյուսիսային Կորեայի դեմ կանխարգելիչ ռազմական գործողություն ձեռնարկելու անհրաժեշտություն առաջանալ, եթե երկրի ռազմական ծրագրերից եկող սպառնալիքը հասնի այնպիսի մակարդակի, որ «գործողություն պահանջի», հայտնում է Associated Press-ը:
Թիլերսոնն այդ մասին ասել է Սեուլում մամուլի ասուլիսի ժամանակ՝ Հյուսիսային Կորեայի հետ երկրի խիստ ռազմականացված սահման կատարած այցից հետո:
Հյուսիսային Կորեայի դեմ ռազմական ուժ կիրառելու հնարավորության մասին հարցին ի պատասխան Թիլերսոնը նշել է. «Բոլոր տարբերակներն էլ քննարկվում են»:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում ռազմական հակամարտություն, բայց եթե Հյուսիսային Կորեան ձեռնարկի գործողություն, որը սպառնում է Հարավային Կորեայի կամ ԱՄՆ-ի ուժերին, այն կստանա «համարժեք պատասխան»:
Գործակալությունը նշում է, որ ԱՄՆ նախկին վարչակազմերը հնարավոր են համարել ռազմական ուժի կիրառումը՝ Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային զենքերի զարգացման պատճառով, բայց այդ տարբերակը հազվադեպ է արտահայտվել նման հստակ կերպով:










