McDonald's-ը ջնջել է Թրամփի հասցեին վիրավորական «թվիթը»
Ամերիկյան McDonald's արագ սննդի ռեստորանների ցանցը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերյալ Twitter-ում իրենց պաշտոնական էջում արված վիրավորական գրառումն արդեն ջնջված է:
Ինչպես նշում է Reuters-ը, ընկերությունը ևս մեկ անգամ հայտարարել է, որ սկանդալային «թվիթը» հաքերային հարձակման հետևանք է:
Նշվում է, որ նախքան ջնջվելը գրառումն ակտիվորեն տարածվել է համացանցում՝ օգտատերերին գցելով թյուրիմացության մեջ:
Նշվում է, որ ընկերության մամուլի խոսնակ Թերի Հիքին ներողություն է խնդրել ստեղծված խառնաշփոթի համար:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, հաքերները գրել էին, որ Թրամփը «նախագահի զարհուրելի տնազ» է:
«Դոնալդ Թրամփ: Իրականում դու նախագահի զարհուրելի նմանակում ես, և մենք կցանկանայինք, որ Բարաք Օբաման վերադառնար», - ասված է եղել հաքերների հրապարակած գրառման մեջ:
Հայտնի է, որ Թրամփը որևէ կերպ չի արձագանքել միջադեպին:










