Քննության խնդիրը կլինի հստակ պարզել մահվան բոլոր հանգամանքները. ՄԻՊ–ը «Հաց բերողի» մահվան մասին

16:02 • 17.03.17

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը azatutyan.am-ի հետ զրույցում այսօր անդրադարձավ «Հաց բերող» անվամբ հայտնի Արթուր Սարգսյանի մահվան դեպքին: Նա նշեց, որ Պաշտպանի գրասենյակն ամենօրյա այցելություն էր կատարում Արթուր Սարգսյանի մոտ՝ հատուկ ուշադրություն դարձնելով նրա վիճակին, պահվող պայմաններին:

«Ես ինքս հայտարարել էի, որ անթույլատրելի է, որպեսզի Արթուր Սարգսյանը բուժումը ստանա քրեակատարողական հիմնարկի պայմաններում և անհրաժեշտ է, որ նա տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց»,-ասաց նա:

Արման Թաթոյանը նշեց, որ անհրաժեշտ են համարում, որ հրապարակային և թափանցիկ քննություն կատարվի և իրենք պատրաստակամություն են հայտնել տրամադրել իրենց  ունեցած տեղեկությունները:

«Ես կարող եմ ասել, որ մեր կողմից խիստ հետևողականություն ցուցաբերվելու է այդ հրապարակայնության, թափանցիկության պահանջի վերաբերյալ: Քննության խնդիրը կլինի հստակ պարզել մահվան բոլոր հանգամանքները, պատճառական կապը և եթե մեղավոր անձինք հայտնաբերվեն, ենթարկվեն պատասխանատվության»,-ասաց նա:

Պաշտպանը վստահեցրեց, որ իրենք կատարել են ամեն ինչ, նույնիսկ ավելին, և ամեն օր Արթուր Սարգսյանի հարցը եղել է իրենց ուշադրության կենտրոնում:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը, ով մեղադրվում էր «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ, նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին ազատ էր արձակվել, սակայն քննչական մարմնից խուսափելու պատճառաբանությամբ բերման էր ենթարկվել և փետրվարի 9-ին կալանավորվել, իսկ փետրվարի 10-ին անժամկետ հացադուլ էր հայտարարել:

Մարտի 13-ին «Հաց բերողի» խափանման միջոց կալանքը փոխվեց անձնական երաշխավորությամբ, և նա «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխվեց «Արմենիա» ԲԿ, իսկ մի քանի օր անց տեղափոխվել էր տուն՝ համապատասխան դեղորայքային նշանակումներով և հատուկ սննդակարգով:

Երեկ՝ 48 տարեկան հասակում Արթուր Սահակյանը մահացել է: