Սիրիան հայտարարել է իսրայելական ինքնաթիռ խոցելու մասին

13:14 • 17.03.17

Իսրայելական 4 ինքնաթիռ խախտել է Սիրիայի օդային սահմանը, այդ ինքնաթիռներից մեկը կործանվել է հակաօդային պաշտպանության ուժերի միջոցով: Այդ մասին ասված է սիրիական բանակի հայտարարությունում, հայտնում է Reuters-ը:


Զինվորականների պնդմամբ՝ ևս մի ինքնաթիռ վնասվել է: Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան: Նշվում է, որ իսրայելական ավիացիայի թիրախը Պալմիրայի շրջանում սիրիացի ուժայինների օբյեկտներն էին:


Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով իսրայելական հեռուստաալիքին, հայտնել էր, որ իսրայելական ինքնաթիռները վերադարձել են բազա՝ առանց կորուստների, իսկ առնվազն սիրիական հրթիռներից մեկը «որսացել» է իսրայելական հակահրթիռային համակարգը:


«Փուլերից ոչ մեկի ընթացքում Իսրայելի քաղաքացիների կամ ռազմաօդային ուժերի ինքնաթիռների անվտանգությունը վտանգի տակ չի եղել»,- հայտարարել էին Իսրայելի պաշտպանության բանակում: