Ամերիկացիների ավելի քան 60 տոկոսը կողմ է ՌԴ-ի հետ Թրամփի կապերի վերաբերյալ հետաքննության անցկացմանը. հարցում

10:30 • 17.03.17

Ամերիկացիների ավելի քան 60 տոկոսը կողմ է «Ռուսաստանի հետ նախագահ Դոնալդ Թրամփի կապերի» և «ընտրություններին Մոսկվայի միջամտության» հետաքննության անցկացմանը: Այդ մասին են վկայում Fox News հեռուստաալիքի կողմից հանրային կարծիքի հարցման արդյունքները:


Հարցման համաձայն՝ մասնակիցների 66 տոկոսը ցանկանում է, որ Կոնգրեսը քննի «ընտրությունների ելքի վրա ազդելու Ռուսաստանի փորձերը», իսկ 63 տոկոսը՝ որպեսզի օրենսդիրներն ուսումնասիրեն «Թրամփի նախընտրական շտաբի և Ռուսաստանի միջև հնարավոր կապերը»:


Ընտրողները գրեթե հավասարը հավասարի են բաժանվել՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հարկավոր է հետաքննել Թրամփի հայտարարություններն առ այն, որ նախընտրական արշավի ընթացքում իրենց լրտեսում էին նախկին նախագահ Բարաք Օբամայի հրամանով:


46 տոկոսը դրան կողմ է արտահայտվել, 49 տոկոսը՝ դեմ: Ռուսաստանի նկատմամբ հետաքննության օգտին հանդես են գալիս գրեթե բոլոր դեմոկրատները և մոտ 60 տոկոս հանրապետական և անկախ կողմնորոշում ունեցողները:


Թրամփի ժողովրդականությունը մեկ ամսվա ընթացքում նվազել է հինգ տոկոսով և կազմում է 43 տոկոս, ցույց է տվել հարցումը: Հարցման մասնակիցների կեսից փոքր-ինչ ավելին՝ 51 տոկոսը, հավանության չեն արժանացնում երկրի նախագահի պաշտոնին Թրամփի գործունեությունը: