Պատրաստ ենք ամենաչնչին ներդրումներով լուրջ խնդիրներ լուծել. «Ծառուկյան» դաշինքի թեկնածու Խաչիկ Մանուկյան (տեսանյութ)
Նախկին Հանրապետական պատգամավոր, «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով Արագածոտնի մարզից առաջադրված Խաչիկ Մանուկյանը, ով նաև «Մաքս Գրուպ» կոնցեռնի նախագահն է և «Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկայի» սեփականատերը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ նախկինում, երբ ՀՀԿ անդամ էր, կուսակցությունը ժողովրդին տված խոստումներից գրեթե ոչ մեկը չի իրագործել. «Ես ունեի իմ մոտեցումները, իմ ծրագրերը, բայց չկարողացանք իրականացնել»,- նշեց Մանուկյանը:
-Պարոն Մանուկյան, Դուք 2012 թ. Ազգային ժողովում քաղաքական գործունեություն չեք ծավալում, ինչո՞ւ որոշեցիք նորից առաջադրել Ձեր թեկնածությունը:
-Մի խոսքով ասեմ՝ ժողովրդի վիճակը, երկրի տնտեսական վիճակը: Մենք ուզում ենք ծրագիր իրականացնել՝ երկիրը այս ծանր վիճակից դուրս բերելու համար: Հիմա մեծ, լուրջ բաներ ասած չեմ լինի, այդ նույն բաները ասում է և՛ Հանրապետության նախագահը, և՛ Հանրապետության վարչապետը, որ մեր երկրի տնտեսական վիճակն այսօր ծանր է: Դրա համար մեր ամբողջ խնդիրն է անել հնարավորն ու անհնարը, որպեսզի այդ խնդիրների լուծումը տանք, վիճակը կայունացնենք և առաջ գնանք:
-Դուք նախկինում Հանրապետական կուսակցության պատգամավոր էիք, բայց այժմ «Ծառուկյան» դաշինքով եք առաջադրված, հակառակն էլ նույն Արագածոտնում առաջադրված Արագած Ախոյանի պարագայում է՝ նա ԲՀԿ պատգամավոր էր, այժմ էլ ՀՀԿ-ից է առաջադրված: Ըստ Ձեզ՝ սա ճակատագրի հեգնա՞նք է:
-Չասեմ դա ճակատագրի հեգնանք է և այլն, բայց ընդամենը մի բան ասեմ՝ Հանրապետական կուսակցության այն խոստումները, որը ժամանակին մենք ենք տվել, մենք ենք ժողովրդի հետ աշխատել, ոչ մի բան համարյա չենք կատարել: Այսօր տեսնում եմ՝ մարդիկ ցանկություն ունեն աշխատելու, մարդիկ հոգնել են, նրանք ուզում են աշխատանք ունենան, չեն ուզում արտագաղթեն: Մարդիկ ուզում են գոնե մարդավարի ապրեն, օրվա հացի խնդիրը գոնե լուծեն: Հիմա ես շրջում եմ ամբողջ մարզի գյուղերով, նայում եմ մարդկանց վիճակը շատ տխուր է: Հարկավոր է փոխել, մեզ լուրջ փոփոխություններ են պետք:
-Նշեցիք, որ Հանրապետականն իր քայլերը չի իրագործել և Դուք ՀՀԿ-ից եք եղել, հիմա ժողովուրդն ինչպե՞ս պետք է վստահի և իր քվեն տա Ձեզ:
-Հանրապետականի քայլերն ասողը ես չեմ եղել, ես կատարող էի: Ուզում էինք կատարեինք, ուզում էինք լավ բան անել: Ճիշտ է՝ կան հարցեր և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ, որոնք իրոք խանգարեցին տնտեսության զարգացմանը: Դրանցից ամենակարևորը, որը լուրջ ազդեցություն թողեց մեր տնտեսության վրա, դա համաշխարհային տնտեսական ճգնաժամն է: Բայց ճգնաժամից բոլորն արդեն դուրս են եկել, իսկ մենք շարունակում ենք մնալ այդ ճգնաժամի մեջ: Ես ունեի իմ մոտեցումները, իմ ծրագրերը, իմ առաջարկությունները, չկարողացանք իրականացնել: Այսօր մենք պատրաստենք ամենաչնչին ներդրումներով լուրջ խնդիրներ լուծել: Ընդամենը ցանկություն է պետք:
-Նախկինում պատասխանելով Tert.am-ի հարցին, թե ինչո՞ւ Հանրապետական կուսակցության ցուցակով չեք առաջադրվել, Դուք նշել էիք. «ՀՀԿ-ում տեղ չկար, շատ էին, որոշեցի «Ծառուկյան» դաշինքով մասնակցել»...
-Կատակ էի արել, ես դրա պարզաբանումը արդեն տվել եմ:
-Գաղտնիք չէ, որ նաև բիզնեսով եք զբաղվում: Ինչպե՞ս եք համադրելու բիզնեսն ու քաղաքականությունը, չէ՞ որ օրենքն արգելում է դա:
-Կառավարման ենք հանձնում մեր բիզնեսները, ես աշխատել եմ այդ օրենքի շրջանակներում: Ընդամենը կառավարումը հանձնում ենք, մենք անցնում ենք մեր աշխատանքին, եթե ստացվի:
Մանրամասները՝ տեսանյութում:










