Ժիրինովսկին բացատրել է «հակառակորդներին գնդակահարելու և կախելու» իր խոստումը

13:29 • 17.03.17

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր և նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին հայտնել է, որ իր էմոցիոնալ ելույթը Պետդումայի նախորդ նիստի ժամանակ վերաբերել է հանցագործներին, այլ ոչ թե գործընկեր պատգամավորներին: Այս մասին հայտնում է «Մոսկվա» գործակալությունը:

Հայտնի է, որ մարտի 15-ին Ժիրինովսկին դահլիճից դուրս է բերել իր կուսակցության խմբակցության բոլոր ներկայացուցիչներին, երբ խորհրդարանի փոխխոսնակ Սերգեյ Նևերովն էթիկայի հանձնաժողովին կոչ է արել ուսումնասիրել նրա հայտարարությունները: Մասնավորապես, Ժիրինովսկին հայտնել է, որ ընտրական քարոզարշավի ընթացքում Մոսկվայի մարզում ճնշում է գործադրվել իր կուսակցության թեկնածուների վրա, ինչից հետո խոստացել է, որ «Կրեմլ կմտնի» որպես նախագահ և «կգնդակահարի և կկախի» իր հակառակորդներին:


«Ես խոսել եմ մաֆիայի, հանցավորության, կոռուպցիայի մասին: Սա նրանց է ուղղված: Դա ի՞նչ կապ ունի պատգամավորական կորպուսի հետ», - ասել է քաղաքական գործիչը:


Նշվում է, որ Պետդումայի մի շարք խմբակցություններ Ժիրինովսկուն կոչ են արել ներողություն խնդրել կտրուկ արտահայտությունների համար, սակայն վերջինս հրաժարվել է ընդունել իր մեղքը: